Հարիսա՝ թղթի շերեփով

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, երեկ Երևանում արգենտինացի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին խոսելով Հունգարիայի կողմից հայ սպային կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին, ասել է. «Դեպքը արդեն շատ վատ ազդեցություն ունի բանակցային գործընթացի և ընդհանրապես տարածաշրջանային կայունության և անվտանգության վրա: Բայց փորձերը՝ դուրս գալ բանակցություններից, ձախողել բանակցությունները, Հայաստանի կողմից չեն արվում, Ադրբեջանի կողմից են արվում, և այս գործարքի պատճառներից մեկը հենց նա է, որ Ադրբեջանը շարունակում է այդ փորձերը…. չկա որևէ երկիր աշխարհում, որը այդպիսի տեմպերով ավելացնի ռազմական բյուջեն, այս ամենը ուղղված է հենց բանակցությունների տապալմանը»: Շարունակելով՝ արտգործնախարարը նշել է, թե միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, որ Ադրբեջանը «շարունակի այս արկածախնդիր քաղաքականությունը»:

Հարցեր արտգործնախարարին՝ իսկ եթե հանկարծ միջազգային հանրությունը հանդուրժի՞, եթե հանկարծ Ադրբեջանը հանդգնի վերսկսել պատերազմը, նորից այս կամ այն նախագահի կամ նախագահների հայտարարություննե՞րը պետք է վկայակոչեք: Որո՞նք են այն լծակներն ու խողովակները, որոնց միջոցով Հայաստանը կարող է Ադրբեջանին ստիպել գնալ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ի՞նչ երաշխիք կա, որ մի ամբողջ գերատեսչություն, որը չկարողացավ կանխել մի մարդասպանի արտահանձնումը, կարող է կանխել օրեցօր ավելի ըմբոստ դարձող ռեժիմի արկածախնդրությունը:

Ճիշտ է, արտաքին քաղաքականության մեջ արդյունքները ավելի երկար ժամանակահատվածում են գնահատվում, բայց անցած չորս-հինգ տարիներին գրանցված ակնհայտ անհաջողությունների շարքը՝ հայ-թուրքական մեռելածին գործընթացը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի հայտնվելը և այս վերջին դեպքը, ցույց են տալիս, որ անգամ կարճ ժամանակահատվածում մենք ձախողել ենք: Ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ «նախաձեռնողականության» անվան տակ Հայաստանը ոչ թե նախաձեռնողի սուբյեկտի, այլ ուրիշի նախաձեռնությունների օբյեկտի կարգավիճակում է հայտնվել և իր հարիսա չուտելը պատճառաբանում է թղթե շերեփով: