Տառապած ժպիտների փակ շղթան

Տարիներ առաջ շատ էի զայրանում, երբ մտերիմ զրույցների ժամանակ մարդիկ խոսում էին հասարակական, կրթական, մշակութային խնդիրների մասին, բայց հենց փորձում էի դրանց մասին հրապարակում պատրաստել, հրաժարվում էին որոշակի անուններ նշել, օրինակներ բերել, նույնիսկ իրենց անունով հանդես գալ: Ես սկսում էի համոզել, թե ինչ-որ մեկը մի օր պիտի խոսի այդ խնդիրների մասին, որպեսզի դրանք իրենց ոլորտում լուծվեն, լռելուց օգուտ չի լինի և այլն: Հետո նեղսրտում էի, որ խոհանոցային բամբասանքից վեր բարձրանալ չեն ցանկանում: Երբեմն էլ մեղադրում էի հարմարվողականության ու վախկոտության մեջ:

Հիմա այլևս չեմ զայրանում. բնականի չափ սովորական է դարձել ծանոթ-անծանոթին իր ոլորտից խոսեցնելը, իսկ հետո տխրությունը հաղթահարելով՝ հանգստացնելը, որ չնայած լրագրող եմ, բայց հո ինչ լսում եմ՝ չեմ տպում: Եվ իրոք, ես չեմ կարող օդի մեջ խոսել խնդիրների մասին: Ուրեմն` բազմաթիվ խնդիրների մասին չեմ խոսում: Ու տարիների ընթացքում բազմիցս համոզվել եմ, որ մեր երկրի հիմնական խնդիրն այն վախեցած լռությունն է, որ իր ծանրության տակ օրեցօր խեղդում է բոլոր ոլորտները, հատկապես կրթությունը, գիտությունն ու մշակույթը: Խնդիրները բարձրացվում են հիմնականում խեղդամահ արվելուց հետո. մարդիկ հայհոյում են, երբ կորցնելու էլ ոչինչ չունեն, ու հեռանում Հայաստանից:

Իսկ այն մարդիկ, որոնց երբևէ զայրույթով համոզել եմ, որ խոսեն իրենց խնդիրների մասին, մինչև հիմա ինձ հետ շփվում են հեռվից, «լավ է, նորմալ է» պատասխանում են բոլոր հարցերիս ու ժպտում՝ մտքով անցկացնելով իրենց խնդիրները: Խնդիրները մանրամասն արտացոլվում են նրանց հայացքներում, ու ժպիտները դրանից դառնում են տխուր, ցաված ու ծռմռված:

Ֆիզիկայում մի լավ բանաձև կա՝ խնդրի ճիշտ ձևակերպումը լուծման կեսն է: Մեր երկրում շատ կարևոր խնդիրներ մնում են չձևակերպված, չբարձրաձայնված, ուրեմն և՝ անլուծելի, անհույս: Մարդիկ գերադասում են ապրել արհեստական ու անբնական այդ խնդիրների բեռան տակ, իրենց գոյատևմանը մի քիչ նպաստող աշխատավարձերով, լուռ քարշ տալ գիտակցված, բայց չձևակերպված անարդարությունների շղթան, նյարդային ժպիտով ստել՝ «նորմալ է», մի օր էլ չդիմանալ ու հեռանալ «երկրից, որ երկիր չի»: Որոշակի մասնագետներ հավաստում են, թե դրա անունը «բողոք է ոտքերով, որ հատուկ է մեր ազգին», ես կարծում եմ, որ դա նահանջ է, փախուստ խնդիրներից, դրանց պատասխանատվությունից ու վատ մարդկանց առաջ վատամարդ երևալու տհաճությունից, ինչը, իրոք, հատուկ է հայերիս: Վկա այն անթիվ խնդիրները, որ կան մանկապարտեզում, դպրոցում, բուհում ու ակադեմիայում, արվեստի գործիչների զուգահեռ միություններում, ռեստորանային, հեռուստատեսային ու թատերական կուլիսներում, շենքում, համատիրությունում ու քաղաքում, ընտանիքում ու ազգում, որոնց մասին տառապած ժպիտի լռություն է տիրում՝ հանուն չնչին աշխատավարձի ու լավամարդության կերպարի պահպանման:

Եթե որոշ ձևակերպված խնդիրների համար քաղաքական կամք է պետք, ապա այստեղ պետք է սովորական մարդկային անկեղծություն՝ տառապած ժպիտների քաղաքականությունից հրաժարվելու կամք, որ վաղվա հանդեպ հույսի հիմք լինի: Թե չէ՝ թողնեն ամերիկացիներին կասենք՝ ինչ են ամբողջ օրը անկապ ժպտում:

Կարմեն Մարտիրոսյան