Գիտության ֆինանսավորման բացակայություն Արցախում

2011թ. ապրիլին Ֆեյսբուքում ստեղծվեց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը, որն այնուհետև վերածվեց լայն նախաձեռնության: Խումբը ստեղծման օրվանից նպատակ ուներ ՀՀ կառավարությանը ստիպել ավելացնել գիտության ֆինանսավորումը՝ ապագայում հասցնելով այն ՀՆԱ-ի 2-3%-ին՝ առկա 0,2 տոկոսի փոխարեն:

Խմբի անդամներից արևելագետ Խաչիկ Գևորգյանը հուշեց, որ Արցախում նույնպես հարկավոր է բարձրացնել գիտության ֆինանսավորման ավելացման հարցը, կուսակցությունների և նախագահի թեկնածուների ծրագրերի մեջ մտցել գիտության ֆինանսավորման ՀՆԱ-ի գոնե մեկ տոկոսի հասցնելու դրույթը: Սակայն ի՞նչ իմանար Խաչիկը, որ Արցախի բյուջեում գիտությանը վերաբերող տող անգամ չկա: Ո՞րն է պատճառը, մի՞թե Արցախում գիտություն չկա:

Արցախյան գիտություն կոչվածը պայմանական անվանում է, քանզի այն հայկական գիտության մաս է, ոչ միայն զգացմունքային գնահատականներով (Արցախը Հայաստանի մաս է), այլև իր կառուցվածքով և բնույթով: ՀՀ և ԼՂՀ կրթական համակարգը նույնն է, նույնիսկ գիտական կոչումները արցախյան բուհերի ասպիրանտները պարտավոր են ստանալ Երևանում. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը միակ գիտական կոչում շնորհող հաստատությունն է նաև Արցախի համար:

Այնուամենայնիվ, կա Արցախի Հանրապետություն, որը նաև բյուջե ունի և իր բյուջեից տարեկան գումարներ է հատկացնում տարբեր ոլորտների, և այդ ոլորտների մեջ գիտությունը չկա: ՀՀ-ում գիտության ֆինանսավորում ասելով՝ հասկանում են գիտահետազոտական հիմնարկների ֆինանսավորումը, այս հիմնարկներում աշխատող գիտնականների աշխատավարձերը, պետության՝ գիտությանը իջեցրած պատվերները և այլն: Իսկ Արցախում գիտահետազոտական ինստիտուտ չկա, գիտական կոչում ունեցողներն էլ հիմնականում աշխատում են կրթության բնագավառում:

Խորհրդային տարիներին ինքնավար մարզերին վիճակված չէր ԳՀԻ ունենալ, ասենք՝ ի տարբերություն ինքնավար հանրապետությունների, էլ չենք ասում միութենական հանրապետությունների: Արցախի հետ համեմատելի մի երկրում՝ Աբխազիայում, շնորհիվ ինքնավար հանրապետության կարգավիճակի, գոյություն ունեին նույնիսկ համամիութենական նշանակության գիտական հաստատություններ կամ դրանց մասնաճյուղեր:

Այսօր, սակայն, Արցախն ինքնուրույն հանրապետություն է, և ժամանակն է պետական բյուջեում գիտության մասին տող ունենալու: Պետք չէ գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, սկզբից կարելի է նաև երկրի գիտական առաջնահերթությունները որոշել, տարբեր ոլորտների գիտական խմբերի կամ անհատ հետազոտողների համար դրամաշնորհներ սահմանել, մի խոսքով՝ կամաց-կամաց սկսել պետական պատվեր իջեցնել գիտությանը: Սա կարող է ակտիվ հետաքրքրություն առաջացնել նաև Արցախից դուրս գտնվող գիտնականների համար, որոնք արցախցի հետազոտողների հետ Արցախի հասարակության գումարներով կփորձեն ուսումնասիրություններ կատարել՝ իրենց փորձը հաղորդելով արցախցի գործընկերներին:

Տարբեր գերատեսչություններ այժմ էլ գումարներ հատկացնում են, ասենք՝ հուշարձանների ուսումնասիրության և անձնագրավորման, հնագիտական տարբեր պեղումների համար: Սակայն այս ամենը քիչ է, անհրաժեշտ է բյուջեում գիտության վերաբերյալ հատուկ մաս ունենալ, նամանավանդ որ գիտությամբ զբաղվող նախարարություն գոյություն ունի:

Մեկնաբանել