«Դրախտ. հավատ» ֆիլմի դեմ դատական հայց է ներկայացվել

Ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայլդլի «Դրախտ. հավատ» ֆիլմը, որը ներկայացված է Վենետիկի կինոփառատոնում, սկանդալի տեղիք է տվել։ Ավելին՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար դատական հայց է ներկայացվել Վենետիկի դատարան ոչ միայն ֆիլմի ռեժիսորի, այլև պրոդյուսերների, գլխավոր դերակատարուհի Մարի Հոֆշտետերի և կինոփառատոնի կազմակերպիչների դեմ։

«Դրախտ. հավատը» Զայդլի եռագրության երկրորդ ֆիլմն է սիրո և կանացի մարմնի մասին: Առաջին՝ «Դրախտ. սեր» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը պատմում է հիսունամյա մի կնոջ մասին, որն ուղևորվում է Քենիա՝ սեքսուալ ցանկությունները բավարարելու նպատակով: Դստերը և կատվին նա թողնում է քրոջ մոտ, որի մասին էլ նկարահանված է եռագրության երկրորդ ֆիլմը:

Հերոսուհու անունը Աննա-Մարիա է, նա ապրում է տաղտկալի, միօրինակ կյանքով: Ազատ ժամանակը նվիրում է աստվածային գործերին, անընդհատ աղոթում, խոստովանում։ Ինչպես ռեժիսորն է բացատրում, Աննա-Մարիայի սերը Հիսուսի նկատմամբ անընդհատ աճում է՝ «վերջիվերջո բնական կերպով վերածվելով ֆիզիկական ցանկության»:

«Ռեժիսոր Ուլրիխ Զայդլը, դերասանուհի Մարիա Հոֆշտետերը, ինչպես նաև ֆիլմի ստեղծման բոլոր մասնակիցները և դրա ցուցադրողները, մասնավորապես Վենետիկի կինոփառատոնը, սրբապիղծ և բաց տեսարաններ ցուցադրելու ճանապարհով խախտել են Իտալիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 403 և 404 հոդվածները»,– նշված է հայցում, որը ներկայացրել է Իտալիայի արմատական կաթոլիկ ասոցիացիայի ներկայացուցիչ, դատապաշտպան Պետրո Գվերինին:

Ավելի վաղ Զայդլն իր հարցազրույցում բացատրել էր, որ երբեք չի խուսափում «այնպիսի երևույթների ցուցադրումից, որոնց ոչ ոք իրականում չի ցանկանում հավատալ, ինչպես նաև տաբուներ խախտելուց»:

Նշենք, որ Զայդլի եռագրության առաջին՝ «Դրախտ. սեր» ֆիլմը նույնպես աչքի էր ընկնում բաց տեսարաններով, որոնք, սակայն, կրոնական որևէ թեմայի չէին առնչվում։