Հայաստանը բարելավել է դիրքերը Մրցունակության համաշխարհային զեկույցում

Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության համաշխարհային զեկույց 2012-2013-ում զբաղեցրել է 82-րդ տեղը 144 երկրների շարքում: Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանի շարժընթացն այսօրվա ասուլիսում մեկնաբանեցին «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը և խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը:

Անցած տարվա համեմատ Հայաստանն իր դիրքը զեկույցում բարելավել է 10 կետով: Վրաստանը զբաղեցրել է 77-րդ տեղը՝ անցած տարվա համեմատ ցուցանիշը բարելավելով 11 կետով, Ադրբեջանը 46-րդ տեղում է: Անցած տարվա համեմատ վերջինս դիրքերը բարելավել է 9 կետով: Ռուսաստանը 67-րդն է. զեկույցում իր դիրքերը զիջել է 1 կետով:

Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը գրեթե բոլոր ենթացուցիչներով: Ըստ զեկույցի, այդուհանդերձ, Հայաստանում դեռ լուրջ խնդիրներ են շարունակում մնալ կոռուպցիան, մաքսային վարչարարությունը, դատական համակարգի անկախության ցածր մակարդակը, նշեց բանախոսը:

Ըստ ՀՏՖ-ի զեկույցի՝ Հայաստանի ամենալավ ցուցիչը մալարիայի ազդեցությունն է գործարարության վրա: Այդ ցուցիչով Հայաստանն առաջինն է 144 երկրների ցանկում: Ներքին շուկայի՝ բաց լինելու ցուցիչը ամենավատն է. Հայաստանը 130-րդն է:

Նշենք, որ վարկանիշի կազման համար հիմք են ընդունվում 12 խմբում (ինստիտուտներ, ենթակառուցվածք, մակրոտնտեսական դրություն, տեխնոլոգիական զարգացում, առողջապահություն) ներառված մոտ 100 ցուցանիշներ: Վարկանիշի համար որպես տվյալներ են ծառայում պաշտոնական վիճակագրությունը և խոշոր ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացված հարցումները:

Մեկնաբանել