Նոր iPhone-ի շնորհանդեսը՝ սեպտեմբերի 12-ին

Մոտ ապագայում Apple ընկերությունը հանրությանը կներկայացնի իր նորույթները, այդ թվում՝ հինգերորդ սերնդի iPhone-ը, հաղորդում է Reuters-ը:

Լուրերն այն մասին, որ նոր iPhone-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, վաղուց էին շրջանառվում լրատվամիջոցներում, սակայն երեկ լրագրողները մամլո ասուլիսի հրավիրատոմսեր են ստացել, որոնց վրա գրված է 12, ընդ որում՝ թիվն այնպես է պատկերված, որ նրա ստվերը հստակ 5 է հիշեցնում: «Այն գրեթե այստեղ է»՝ ասված է թվին ուղեկցող տեքստում: Այդպիսով՝ Սան Ֆրանցիսկոյում կայանալիք մամլո ասուլիսի հրավերը դիտարկվում է որպես նոր սմարթֆոնի շնորհանդեսի պաշտոնական ամսաթիվ: Այլ մանրամասներ հրավիրատոմսը չի պարունակում:

Բացի այդ՝ սեպտեմբերին ակնկալվում է iPad Mini պլանշետային համակարգչի շնորհանդեսը: Սիլիկոնային հովտի փորձագետների կանխատեսմամբ՝ Apple-ի նորույթների վաճառքները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ին:

Գնորդները մի շարք փոփոխություններ են ակնկալում iPhone5-ում՝ ավելի մեծ էկրան, ավելի բարակ կորպուս, չիպի առկայություն, որը թույլ կտա վճարել գնումների դիմաց, 4G LTE ցանցի ձևաչափից օգտվելու հնարավորություն: Սմարթֆոնի հաջորդ մոդելը, ըստ ամենայնի, կաշխատի 6 IOS համակարգով, որի ծրագրերի թվում են՝ նոր քարտեզներ, Facebook-ի բջջային ինտեգրված ծառայության բարելավում, Siri ձայնային ծառայության բարելավում:

2011-2012 ֆինանսական տարվա առաջին 9 ամիսներին Apple-ի զուտ շահույթը կազմել է $33,5 մլրդ: Ընկերության մասնաբաժինը պլանշետային համակարգիչների գլոբալ շուկայում աճել է մինչև 70%:

Մեկնաբանել