Վրաստանում ուսման վարձի դիմաց հնարավոր կլինի վճարել զինվորական ծառայությամբ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրերս նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։ Սաակաշվիլի խոսքով` համազգային քննությունները հաջող հանձնած դիմորդը կարող է ուսման վարձի 4-ամյա պետական վարկ ստանալ։ Ավելին՝ եթե դիմորդը քննությունները հանձնելուց հետո երկու տարի ծառայի բանակում, պետությունն ամբողջովին կֆինանսավորի նրա կրթությունը, այդ թվում՝ մագիստրատուրայում։

Ռազմա-վերլուծական «Արսենալի» ամսագրի խմբագիր Իրակլի Ալադաշվիլիի կարծիքով՝ նախագահի նախաձեռնությունը պայմանավորված չէ զորակոչային դժվարություններով, քանի որ զորակոչի պլանը կատարվում է 100%-ով։ Ըստ նրա՝ այսպիսով իշխանությունները ցանկանում են բարձրացնել զինվորական ծառայության հեղինակությունը և բանակում ներգրավել առավել ինտելեկտուալ և առաջադեմ երիտասարդության։

Վրաստանի բանակը հավաքագրվում է առավելապես  պայմանագրային ծառայության, այլ ոչ զինակոչի միջոցով։ Ընդ որում՝ ծառայությունը պաշտոնապես կարելի է հետաձգել՝ վճարելով $1200: