Ճապոնիան կգնի Չինաստանի հետ վիճելի կղզիները $26 մլն-ով

Ճապոնիայի կառավարությունը վիճելի Սենկակու կղզիների (Սենկակուն կղզիների ճապոներեն անվանումն է, չինացիները կղզիներն անվանում են Դյաոյույդաո) գնմա շուրջ վերջնական համաձայնություն է ձեռք բերել դրանց սեփականատիրոջ՝ Կուրիհարա ընտանիքի հետ, գրում է ճապոնական «Իոմիուրի» թերթը։

Ինչպես նշում է պարբերականը, այս տեղեկատվությունը նախօրեին հաստատել են Ճապոնիայի իշխանությունների մի քանի ներկայացուցիչներ, որոնց անունները չեն բացահայտվում։

Համաձայն ձեռքբերված պայմանավորվածության՝ Ճապոնիայի կառավարությունը Կուրիհարա ընտանիքից կպահանջի վիճելի հինգ կղզիներից երեքը՝ Ուոցուրիձիման, Կիտակոձիման և Մինամիկոձիման։ Ըստ թերթի տեղեկատվության՝ գործարքի արժեքը կազմում է 2,05 մլրդ յեն ($26,1 մլն)։

Առուվաճառքի պայմանագիրն առայժմ կազմված չէ, սակայն համաձայն ճապոնական լրատվամիջոցների՝ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է գործարքը ավարտին հասցնել արդեն այս ամսվա ընթացքում։

Ներկայում Ճապոնիան Կուրիհարա ընտանիքից վարձակալում է կղզիները՝ վճարելով ընդհանուր առմամբ տարեկան 24 մլն յեն ($314 հազ․)։

Սենկակու հինգ կղզիները վիճելի տարածք են Ճապոնիայի և Չինաստանի միջև։ Պեկինն ու Տոկիոն չեն կարողանում որոշել, թե ինչպես է անցնում սահմանը կղզիների շրջանում բացառապես տնտեսական գոտիների միջև։ Ճապոնիան պնդում է, որ բաժանարար գիծն անցնի ջրային տարածքի մեջտեղով, Չինաստանը պահանջում է գիծը տեղափոխել ճապոնական ափին մոտ։ Ճապոնիան վստահեցնում է, որ զբաղեցնում է կղզիները 1895-ից, Պեկինում հիշեցնում են, որ 1783թ․ և 1785թ․ ճապոնական քարտեզների վրա Դյաոյույդաոն նշված է՝ որպես չինական տարածք։ Երկրորդ աշխարհամարտից հետո կղզիները ԱՄՆ-ի վերահսկողության տակ էին և փոխանցվեցին Ճապոնիային 1972թ․։ Թայվանում ու մայրցամաքային Չինաստանում կարծում են, որ Ճապոնիան անօրինական է պահում կղզիները։ Ճապոնիայում նշում են, որ Չինաստանն ու Թայվանը սկսեցին հավակնել կղզիներին 1970-ական թվականներից, երբ պարզվեց, որ այդ շրջանը հարուստ է օգտակար հանածոներով։

Կուրիհարա ընտանաիքին առաջին անգամ առաջարկեցին կղզիները վաճառել Տոկիոյի իշխանությունները այս տարվա ապրիլին՝ խոստանալով դրանց դիմաց վճարել 1,3 մլրդ յեն (մոտ $16 մլն)։ Հուլիսի վերջին առաջարկ արեց արդեն Ճապոնիայի կառավարությունը՝ պատրաստակամություն հայտնելով վճարել $26 մլրդ։

Սկզբում Կուրիհարա ընտանիքը հրաժարվում էր վաճառել կղզիները, սակայն վերջին շրջանում լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն ընտանիքի՝ Ճապոնիայի կառավարության հետ գաղտնի բանակցությունների մասին։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ բանակցությունները իրականացրել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալը վարչապետ Յոսիհիկո Նոդայի կարգադրությամբ։