Զրույց «վերջին» համերգի նախօրեին

Սեպտեմբերի 6-ին և 8-ին հայաստանյան ամենաճանաչված ռոք խմբերից մեկը՝ The Beautified Project-ը, հանդես կգա համերգներով Երևանում և Ախթալայում:  Համերգներից առաջ խմբի վոկալիստ և պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը «Օրակարգին» պատմել է գալիք ստեղծագործական արձակուրդի, նոր սկավառակի և տեսահոլովակի մասին:

Օրերս Ձեր Facebook-յան էջում տագնապահարույց հաղորդագրություն է հայտնվել, որում ասվում է, որ The Beautified Project-ը վերջին համերգներով հանդես կգա Երևանում: Ինչո՞ւ վերջին:

-Գրելուց պարզապես տեղը քիչ էր, որպեսզի ամբողջությամբ գրեինք «վերջին համերգը մինչև գարուն 2013»: Հաջորդ վեց-յոթ ամիսը համերգ չենք ունենա, քանի որ պիտի աշխատենք մեր նոր ալբոմի վրա: Վերջին ալբոմի լույսընծայման պահից բավական շատ ժամանակ է անցել, այս ընթացքում, ինչպես խոստացել էինք, համերգային շրջագայություն կատարեցինք, ելույթ ունեցանք Վրաստանում, Անգլիայում, Վիեննայում, նաև պայմանագիր կնքեցինք մի ամերիկյան լեյբլի հետ: Ալբոմը, որը հիմա պատրաստում ենք, առաջինն է լինելու, որ պաշտոնապես ԱՄՆ-ում է թողարկվելու: Այդ պատճառով որոշեցինք դադար վերցնել և կենտրոնանալ ձայնագրման վրա, քանի որ սխալվելու իրավունք չունենք:

Ամսի 8-ի համերգը Երևանում չի լինելու: Ինչո՞վ է այն առանձնանալու:

-Այս համերգը շատ կարևոր է մեզ համար, այն լինելու է Ախթալայի Մարիամ Աստվածածին վանքի մոտ: Դա այն վանքն է, որտեղ մենք նկարահանել ենք «Կիլիկիայի» տեսահոլովակը: Կարծում եմ, մենք էլ ենք որոշակի ներդրում ունեցել այդ եկեղեցին ճանաչելի դարձնելու գործում, քանի որ նույնիսկ Հայաստանից մեզ հարցնում էին, թե որտեղ է գտնվում այդ վանքը, չգիտեին, որ այստեղ է:  Դարեր շարունակ այդ եկեղեցու գմբեթը գետնին է եղել և մոտ մեկ ամիս առաջ Մշակույթի նախարարությունը հաստատել է եկեղեցու վերանորոգման ծրագիրը:

-Մի քանի օր առաջ լույս է տեսել Ձեր նոր տեսահոլովակը՝ Bleak-ը: Կպատմե՞ք ստեղծման ընթացքի մասին և արդյո՞ք գոհ եք արդյունքից:

-Առաջին կեսը նկարահանել ենք Լոս Անջելեսում, որտեղ ինձ գրավել են շատ գեղեցիկ  գրաֆիտիները: Երկրորդ կեսը նկարահանվել է Հայաստանում, իսկ արանքում մի քանի դրվագ ուղարկել են տարբեր մարդիկ, որոնց խնդրել էինք մի քանի կադր նկարել Եվրոպայում: Այնպես որ՝ աշխարհի երեք տարբեր հատվածներում է նկարվել տեսահոլովակը: Այն ավելի արվեստին է մոտ և, անկեղծ ասած, չեմ կարծում, որ այն նույն հաջողությունը կունենա, ինչ որ Butterfly-ը կամ Take my hand-ը:

– Խումբն արդեն յոթ տարի գոյություն ունի, արդյոք փոխվե՞լ է այս ընթացքում Ձեր երաժշտությունը, կամ մոտեցումը դրա հանդեպ:

-Երաժշտի համար ամենամեծ երջանկությունն այն է, երբ երգը ապրում է, օրինակ, երբ 2006-ին գրված երգն այսօր նույն արձագանքն է ստանում ունկնդրից, ինչ վեց տարի առաջ: Իհարկե մենք փոխվել ենք, առաջընթաց ենք ապրել, նոր նպատակներ ու խնդիրներ ենք մեր առաջ դնում, բայց գլխավոր ցանկությունն այն է, որ չկրկնենք ոչ մեզ, ոչ ուրիշին: Ինչ վերաբերում է ոճին՝ այն ամերիկյան ընկերությունում, որի հետ հիմա համագործակցում ենք, մեզ խորհուրդ տվեցին փոքր ինչ ծանրացնել մեր երաժշտությունը, այնպես որ նոր ալբոմն ավելի ռոքային կլինի:

-Անցյալ տարի Երևանում հրաշալի համերգ տվեցիք բրիտանական Antimatter խմբի հետ և նույնիսկ համատեղ տեսահոլովակ նկարահանեցիք: Արտասահմանյան երաժիշտների հետ նոր համագործակցություններ կլինե՞ն:

-Ես 22 տարեկան էի, երբ Antimatter-ը իմ կուռքը դարձավ և ինձ համար շատ կարևոր էր համատեղ երգ ձայնագրելը, քանի որ այն իբրև bonus track մտավ իրենց նոր ալբոմի մեջ: Բացի այդ մենք ապացուցենք, որ հայկական խումբը կարող է հավասար հանդես գալ բրիտանական խմբի հետ: Antimatter-ը մեզ  հրավիրել է Անգլիա, սակայն մեր ժամատախտակը դեռևս թույլ չի տալիս հրավերն ընդունել: Վստահ եմ՝ մի օր կլինի դա: Բացի այդ՝ շատ հետաքրքիր երգչուհիներ կան Անգլիայում և ԱՄՆ-ում, որոնց հետ կուզենայինք համագործակցել: Ինձ համար կարևոր չէ՝ հայտնի՞ են նրանք, թե՞ ոչ, կարևորն այն է, որ նրանց ոճը շատ է սազում մեր խմբի ոճին:

Զրուցեց Մարիա Հովսեփյանը  

Ի դեպ…

Անդրե Սիմոնյանը The Beautified Project խումբը հիմնադրել է 2005թ. Լոնդոնում: Վեց երգերից կազմված Serenades For Insanity դեմո-ալբոմը թողարկվել է 2006-ին: 2008-ին խմբին միացել են Արմեն և Առլեն Շավերդյան եղբայրները և ձայնագրվել է Behind The Happy Mask առաջին պաշտոնական ալբոմը: Այդ ալբոմից Me and my Despair երգի տեսահոլովակը ցուցադրել է MTV հեռուստաալիքը: 2010-ին լույս է տեսել երկրորդ Beyond The Butterfly ալբոմը: 2011-ին բրիտանական  BBC հեռուստաընկերությունը խմբի մասին ֆիլմ է պատրաստել: