Սիրիայի ապագան կառուցվելու է ժողովրդի ձեռքով․ Լախդար Բրահիմի

Երեքշաբթի ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին կարճ ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

«Սիրիայի ապագան կառուցվելու է սիրիացի ժողովրդի ձեռքով և ոչ ուրիշի։ Այդուհանդերձ, միջազգային հանրության աջակցությունը չափազանց կարևոր է և շտապ է հարկավոր։ Այդ աջակցությունն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե մենք շարժվենք մեկ ուղղությամբ»,- ասել է Բրահիմին Գլխավոր ասամբլեայի նիստում։

Ալժիրցի դիվանագետը տեղեկացրել է, որ մի քանի օր հետո մեկնելու է Կահիրե՝ հանդիպելու ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիին։ Բրահիմիի խոսքով՝ իրադրությունը Սիրիայում, առաջին հերթին՝ մարդասիրության ոլորտում, «վատթարանում է երկրաչափական պրոգրեսիայով»։

«Ես, ինչպես և իմ թիմի բոլոր անդամները, ջանք չեմ խնայի և կաշխատեմ՝ սիրիացի ժողովրդին խաղաղության ճանապարհով տանելու համար»,- վստահեցրել է նա։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բրահիմիի կարճ խոսքը նրա առաջին հրապարակավ ելույթն էր՝ Սիրիայի հարցերով միջազգային բանագնացի կարգավիճակում։ Բրահիմիի ելույթը հաջորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի խոսքին, որը կազմակերպությանը Սիրիայի վերաբերյալ միասնական դիրքորոշման մշակման, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ սերտ համագործակցության կոչ է արել։

Իր հերթին ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Դամասկոսը «տրամադրված է համագործակցության» ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնացի հետ։

Նա միջազգային հանրությանը կոչ է արել «ազդել քաղաքական երկխոսությունից հրաժարվող կողմի վրա և նրան համոզել հետևել Սիրիայի կառավարության օրինակին ու ձեռք մեկնել Բրահիմիին»։

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Բրահիմին հայտարարել էր, որ ռազմական միջամտությունը Սիրիայի գործերին կնշանակի դիվանագիտական ջանքերի ձախողում։

«Ինձ համար այդպիսի տարբերակ գոյություն չունի և անկեղծ ասած՝ չի էլ ունենա ո՛չ վաղը, ո՛չ վաղը չէ մյուս օրը»,- ասել էր 78-ամյա ալժիրցի դիվանագետը արաբական «Ալ Արաբիյա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Երկուշաբթի BBC-ի հետ զրույցում նա խոստովանել էր, որ սիրիական ճգնաժամի կարգավորումը «գրեթե անիրագործելի» առաքելություն է։

Լախդար Բրահիմին պաշտոնապես ստանձնել է ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնացի պաշտոնը շաբաթ այն բանից հետո, երբ ուրբաթ լրացավ նախորդ հատուկ բանագնաց Քոֆի Անանի լիազորությունների ժամկետը։

Հիշեցնենք, որ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։