Ֆրեդին երբեք չի մահանա

Այսօր իր ծննդյան 66-ամյակը կտոներ ռոք աշխարհի ամենավառ աստղերից մեկը՝ Ֆրեդի Մերկուրին: Լեգենդար Queen խմբի լեգենդար վոկալիստի մասին անհամար տեքստեր են գրվել, սակայն իրականում նրա մասին շատ քիչ է հայտնի: Ծնվել է Զանզիբարում, դպրոց հաճախել Հնդկաստանում, հետո տեղափոխվել է Լոնդոն, ընդունվել Իլինգի քոլեջի դիզայներական բաժինը: Հենց այստեղ էլ կայացել է պատմական հանդիպումը ապագա խմբի անդամներ Բրայան Մեյի, Ռոջեր Թեյլորի և Ջոն Դիկոնի հետ: Ու ծնվել է Queen-ը, որն ահռելի ազդեցություն է թողել մի քանի սերունդի երաժշտական ճաշակի վրա: Ֆրեդին հայտնվել է փառքի գագաթին, գրավել բոլոր հնարավոր բարձունքները․․․1991-ին Ֆրեդի Մերկուրին մահացել է ՁԻԱՀ-ից: 

Ֆրեդիի տասնյակ, իրար հակասող կենսագրություններից ոչ մեկը չի պատասխանում բոլոր հարցերին, ինչի շնորհիվ Մերկուրին շարունակում է առեղծված մնալ: Նրան երկրպագում են նույնիսկ մահից հետո, նրա ստեղծած երաժշտությունը շարունակում է ապրել անկախ PR-ից, նոր դեմքերից և բոլոր փոփոխություններից, որոնք տեղի են ունենում աշխարհում: