Հնարավոր է՝ ԵՄ-ն «Գազպրոմին» տուգանի 10 մլրդ եվրոյով

Եվրամիությունը ռուսական «Գազպրոմի» դեմ պաշտոնապես սկսել է հակամենաշնորհային հետաքննություն մեկ տարի շարունակ ընկերության դուստր կառույցների և  գործընկերների եվրոպական գրասենյակներում ստուգումների անցկացումից հետո, հաղորդում է ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հաղորդագրությունը։

«Եվրահանձնաժողովը  պաշտոնական գործընթաց է սկսել՝ ուսումնասիրելու՝  արդյոք ռուսական բնական գազի մատակարար «Գազպրոմը» խախտում է մրցացկության եվրոպական նորմաները, մասնավորապես՝ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում», – նշված  է կառույցի  հայտարարության մեջ։

Խոսքը մասնավորապես Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Չեխիայի, Սլովակիայի, Բուլղարիայի և Հունգարիայի մասին է։ Ըստ գործակալության՝ Եվրահանձնաժողովը ուսումնասիրելու է այն երկրները, որտեղ ներկրվող գազի երկու երրորդը բաժին է ընկնում «Գազպրոմին»։ Եվրոպական օրենսդրության համաձայն՝ մրցակցության նորմերի խախտման դեպքում տուգանքը կարող  է կազմել ընկերության տարեկան հասույթի 10%-ը, և «Գազպրոմի» դեպքում այդ գումարը կարող է գերազանցել €10 մլրդ-ը։

Եվրահանձնաժողովը կուսումնասիրի «Գազպրոմի» նկատմամբ երեք հիմնական մեղադրանք։ Առաջին․ Արևելյան և Կենտրոնական Եվրոպա գազի մատակարարման գերիշխող դիրքերի չարաշահում՝ շուկաների բաժանման և Եվրոպա գազի ազատ մատակարարմանը խոչընդոտելու միջոցով։ Երկրորդ․ԵՄ էներգառեսուրսների մատակարարումների դիվեսիֆիկացման հարցում խոչընդոտների ստեղծում։ Երրորդ․  սպառողներին գազի բարձր գների պարտադրում, որոնք անհիմն կերպով փոխկապակցվել են նավթի գներին։

Եվրահանձնաժողովը «Գազպրոմի» ղեկավարությանը արդեն տեղեկացրել է հակամենաշնորհային հետքննության գործընթացի մեկնարկի մասին։ Եվրոպական նորմերը չեն սահմանում՝ այս գործընթացը ինչքան կտևի։

Կառույցում նշում են, որ ԵՄ-ն՝ մյուս կողմից՝ մտադիր չէ Ռուսաստանի հետ գազի մատակարարումների պատճառով առևտրային պատերազմ սկսել։ «Պաշտոնական գործընթացի մեկնարկը դեռ չի նշանակում, որ Եվրահանձնաժողովը «Գազպրոմին» խախտումներում մեղավոր է ճանաչում, քանի որ դա դեռ պետք է պարզել», -գործակալությանն ասել է Եվրահանձնաժողովի մամլո ներկայացուցիչը։

«Գազպրոմը» Եվրոպա  է մատակարարում եվրոպական երկրների կողմից սպառվող գազի մեկ չորորդը, ընդ որում ՝ ընկերության՝ գազի համար սահմանած գները զգալիորեն գերազանցում են համաշխարհային շուկայում սփոթային գները։

Ի դեպ՝ այսօր Մոսկվայի միջբանկային արժութային բորսայում «Գազպրոմի» բաժնետոսմերը, այս տեղեկության հետնապատեկերին, էժանացել են   0,4-1,1%-ով։