Ես մտահոգված եմ Սաֆարովին քաղաքական դրդապատճառներով ներում շնորհելու որոշմամբ. Մարտին Շուլց

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարություն է տարածել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման վերաբերյալ:  

Եվրախորհրդարանի հայտարարությունում մասնավորապես ասված է. «Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ կոնվենցիան չպետք է չարաշահվի քաղաքական նպատակներով: Ես մտահոգված եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Սաֆարովին քաղաքական դրդապատճառներով ներում շնորհելու որոշմամբ: Միաժամանակ՝ կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ իրավիճակը վատթարացնող ցանկացած քայլից և հայտարարությունից»:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը կացնահարել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին: 2006թ. Հունգարիայում Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին և ներման արժանացավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Նույն օրը Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: