Հոբելյանական հիսուն

Բրիտանական լեգենդար The Rolling Stones խումբն իր 50-ամյակի կապակցությամբ կթողարկի լավագույն երգերի հավաքածուն, որի մեջ կմտնեն նաև նոր կատարումներ: GRRR! ալբոմը վաճառքում կլինի 2012թ. նոյեմբերի 12-ից, տեղեկացնում է խմբի պաշտոնական կայքը:

«Ռոլինգների» երկրպագուներին դեռևս անծանոթ Doom and Gloom և One Lost Shot կատարումները ձայնագրվել են օգոստոսին, Փարիզում: Սա հայտնի ռոքերների առաջին աշխատանքն է ստուդիայում վերջին յոթ տարվա ընթացքում: Խմբի վերջին՝ A Bigger Bang ալբոմը թողարկվել էր 2005-ին:

The Rolling Stones-ի սիրահարներին կառաջարկվի լեզուն դուրս հանած գորիլա պատկերող շապիկով ալբոմի մի քանի տարբերակ: Հիմնական հավաքածուն կներառի երեք ձայնասկավառակ, սակայն վինիլի սիրահարները նույնպես գոհացած կմնան: Վաճառքի կհանվի նաև հինգ սկավառակից բաղկացած հավաքածու, որի մեջ կմտնի ոչ թե 50, այլ 80 կատարում: Նշենք, որ The Rolling Stones-ի 40-ամյակի կապակցությամբ հայտնի կոլեկտիվի թողարկած Forty Licks ալբոմն, ինչպես հուշում է անվանումը, ներառում էր 40 կատարում։

Իսկ տեղեկությունն այն մասին, թե հոբելյանի առթիվ «ռոլինգները» համերգներով հանդես կգան Լոնդոնում և Նյու Յորքում, դեռևս չի հաստատվել: Վերջին ամիսներին խմբի մասնակիցները բազմիցս են ակնարկել, որ մտադիր են իրենց երկրպագուներին ինչ-որ նոր բան հրամցնել, սակայն չեն ցանկանում բացել բոլոր խաղաքարտերը:

Հիշեցնենք, որ The Rolling Stones-ի առաջին կենդանի ելույթից անցել է հիսուն տարի: 1962թ. հուլիսի 12-ին լոնդոնյան Marquee Club-ում տեղի ունեցավ 18-ամյա Միք Ջագերի ու Քիթ Ռիչարդսի, 20-ամյա Բրայան Ջոնսի, 23-ամյա Իեն Սթյուարտի, Դիք Թեյլորի ու Միք Էյվորի առաջին բեմելը: Հենց այսպիսին էր սկզբնապես Blues Incorporated կոչվող խմբի կազմը հիսուն տարի առաջ:

Մեկնաբանել