Ահմադինեժադը խոստովանում է, որ Իրանը տնտեսական խնդիրներ ունի

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խոստովանել է, որ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցները ազդում են իսլամական հանրապետության տնտեսության վրա, սակայն կառավարությունը պատրաստ է հաղթահարել այդ դժվարությունները, հաղորդում է AFP-ն։

«Կան որոշակի խնդիրներ՝ կապված նավթի վաճառքի հետ։ Մենք փորձում ենք հաղթահարել դրանք»,- ասել է Ահմադինեժադը հարցազրույցում, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Նա վստահություն է հայտնել, որ «նավթային խնդիրը» կլուծվի, թեև դրա համար որոշակի ժամանակ է հարկավոր։

«Մենք ունենք նավթ, և աշխարհը ունի այդ նավթի կարիքը»,- նշել է Իրանի նախագահը։

Եվրամիության երկրները այս տարվա հուլիսի 1-ից էմբարգո սահմանեցին իրանական նավթը ԵՄ ներկրելու նկատմամբ։ Այդպիսով՝ Իրանից ԵՄ երկրներ նավթի մատակարարումների գործարքները՝ կնքված մինչև հունվարի 23-ը, կասեցվեցին նախքան այս ամսաթիվը։ ԵՄ-ն իր գործողությունները բացատրեց նարնով, որ այդպիսով ցանկանում է Թեհրանին ստիպել հրաժարվել միջուկային հավակնություններից՝ նշելով, որ Եվրամիության նավթի պաշարները բավարար են չուրսուկես տարվա ընթացքում առանց Իրանի մատակարարումների դիմանալու համար։ Փորձագետների կարծիքով՝ ԵՄ-ի՝ իրանական նավթի մատակարարումների նկատամբ էմբարգոյի սահմանումից հետո նրա ներկրումը համաշխարհային շուկա նվազել է մոտ 40%-ով։

ԱՄՆ-ը, Արևմուտքի մի շարք երկրներ և Իսրայելը Իրանին կասկածում են միջուկային զենքի նախագծման մեջ։ Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է՝ նշելով, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում և ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը։

Մեկնաբանել