Օբաման արժանի չէ վերընտրման․ հարցում

Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Բարաք Օբաման արժանի չէ նախագահի պաշտոնում վերընտրվելուն, և նրա կառավարման ընթացքում իրադրությունը երկրում վատթարացել է, վկայում են վաշինգտոնյան Hill պարբերականի՝ սեպտեմբերի 2-ին իրականացրած հարցման արդյունքները։

«Հարցվածների մոտ 52%-ը հայտարարել է, որ երկիրը ներկայում ավելի վատ իրադրությունում է, քան 2008թ․ սեպտեմբերին։ Հարցվածների մոտ 54%-ը հայտարարել է, որ Օբաման արժանի չէ վերընտրման»,- գրում է պարբերականը։

Վերջին շաբաթներին Օբաման կորցնում է ժողովրդականությունը, և այժմ նրա վարկանիշը, որը նախկինում 10%-ով գերազանցում էր նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնիի նկատմամբ վստահության մակարդակը, փաստացի հավասարվել է  մրցակցի վարկանիշին։ Անցյալ շաբաթ որոշ հարցումներ անգամ արձանագրեցին Ռոմնիի ժողովրդականության աճ։ Այսպես, Reuters գործակալության իրականացրած հարցման արդյունքներով՝ հանրապետականների թեկնածուին հավանություն է տալիս ընտրողների 44%-ը այն դեպքում, երբ Օբամային՝ 42%-ը։

Hill-ը նշում է, որ Օբամայի աշխատանքից՝ որպես նախագահ, գոհ է հարցվածների 40%-ը։ Նրանք կարծում են, որ ԱՄՆ գործող նախագահը արժանի է վերընտրման։

«Ընտրողների միայն 31%-ն է կարծում, որ երկրի վիճակը լավ է, քան չորս տարի առաջ։ Եվս 15%-ը հայտարարել է, որ իրադրությունն «այնպես է, ինչպես նախկինում»»,- նշում է պարբերականը։

Սա Օբամայի նկատմամբ վստահության ամենացածր մակարդակն է այն պահից ի վեր, երբ նա հայտարարեց գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

«Ընտրողների մոտ 15%-ը հայտարարել է, որ խիստ դժգոհ է նրանից, թե Օբաման ինչպես է վերականգնում տնտեսությունը։ Եվս 8%-ը ասել է, որ ընդհանրապես գոհ չէ այդ ուղղությամբ Օբամայի կողմից գործադրվող ջանքերից»,- գրում է Hill-ը։

Hill-ի կողմից հարցվածների մեծ մասը նաև կարծում է, որ նախագահական ընտրություններում կհաղթի Ռոմնին այն դեպքում, երբ այլ ծառայությունների՝ ԱՄՆ-ի բոլոր նահանգներում իրականացրած հարցումների արդյունքները մատնանշում են Օբամայի չնչին առավելությունը։

«Այն, որ ընտրություններում կհաղթի Ռոմնին, վստահ է հարցվածների 46%-ը։ Օբամայի հաղթանակի մեջ չի կասկածում 43%-ը»,- եզրափակում է թերթը։