Կուստուրիցայի դատավարությամբ

Էմիր Կուստուրիցան նախագահելու է Սանկտ Պետերբուրգի առաջին միջազգային փառատոնը, որն անցնելու է Սանկտ Պետերբուրգի երրորդ կինոֆորումի շրջանակում, սեպտեմբերի 21-29-ը: Ֆորումի ծրագրում ներառված է ևս երեք կինոփառատոն՝ «Ուղերձ Մարդուն», «Սկիզբ» և «Վիվա՛տ Ռուսաստանի կինո»։

Մրցութային ֆիլմերը Էմիր Կուստուրիցայի գլխավորությամբ գնահատելու են Բեռլինի կինոփառատոնի երիտասարդ կինոյի ֆորումի համահիմնադիր Էրիկա Գրեգորը, ֆինն ռեժիսոր և սցենարիստ Ակու Լոուխիմիեսը, Երուսաղեմի կինոկենտրոնի կրթական ծրագրերի տնօրեն Գիլի Մենդելը և ռուսաստանցի պրոդյուսեր Ելենա Յացուռան:

Ժյուրիի տրամադրության տակ չորս մրցանակ է՝ «Գրան-պրի», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում: Եվս մեկ՝ «Հեռուստադիտողների համակրանք» մրցանակը կշնորհվի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով:

Պետերբուրգյան փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի մեծ մասն արդեն մասնակցել է միջազգային այլ կինոփառատոնների, որոշները նույնիսկ մրցանակի են արժանացել: 16 ժապավենից բաղկացած ցանկում ներկայացված են ինչպես կինեմատոգրաֆի ավանդական երկրները (Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Հնդկաստան), այնպես էլ էկզոտիկ պետություններ (Կոլումբիա, Արգենտինա, Մարոկո, Ֆիլիպիններ, Բոսնիա և Հերցեգովինա): Թուրքիան կինոֆորումում կներկայանա Զեքի Դեմիրքուբուզի «Ներսում» ֆիլմով։ Ֆինլանդիան ներկայացնում է Միքի Կաուրիսմյակին՝ «Հյուսիս տանող ճանապարհը» ֆիլմով։ Ալեքսեյ Բալաբանովի «Ես էլ եմ ուզում» աշխատանքը կներկայացնի Ռուսաստանը։

Կուստուրիցայի մասնակցությունը փառատոնին չի սահմանափակվի «դատավարությամբ». սեպտեմբերի 23-ին իր The No Smoking Orchestra խմբի հետ նա հանդես կգա կինո-երաժշտությանը նվիրված համերգով:

Մեկնաբանել