Անջատողականները հաղթել են Քվեբեկի խորհրդարանական ընտրություններում

Կանադայի ֆրանսախոս Քվեբեկ նահանգի՝ սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել են անջատողականները, հաղորդում է AFP-ն։ Նրանց Քվեբեկյան կուսակցությունը ստացել է պատգամավորական 125 մանդատների մոտ կեսը։ Դա բավարար է փոքրամասնության կառավարություն ձևավորելու համար։ Քվեբեկի վարչապետը առաջին անգամ կլինի կին՝ Քվեբեկյան կուսակցության 63-ամյա առաջնորդ Փոլին Մարուան։

Նրա նախընտրական ծրագիրը կայանում էր նահանգի պարտքի կրճատման, հարկերի բարձրացման և տեղական ընկերությունները օտարերկրյա մրցակիցների կլանումից պաշտպանելու մեջ։ Անջատողականների նախընտրական խոստումներից մեկը Քվեբեկի անկախության հանրաքվեի անցկացումն էր։ Սակայն նվազագույն մեծամասնությունը, որով հաղթել է Քվեբեկյան կուսակցությունը, առայժմ նրան թույլ չի տա անցկացնել խոստացված հանրաքվեն, հաղորդում է Euronews-ը։

Համաձայն վերջերս իրականացված հարցումների՝ ներկայում քվեբեկցիների միայն 28%-ն է կողմ Կանադայից նահանգի անջատմանը։ Նշենք, որ 1980թ․ և 1995թ․ Քվեբեկյան կուսակցությունը, լինելով իշխանության, արդեն նախաձեռնել է անկախության հանրաքվե, սակայն երկու անգամ էլ չի կարողացել ստանալ ձայների անհրաժշտ քանակը։

Սեպտեմբերի 4-ի ընտրություններում պարտվել է Լիբերալ կուսակցությունը, որը իշխանության էր 2003-ից։ Նրա կողմնակիցները կողմ են Քվեբեկի պահպանմանը Կանադայի կազմում։

Կանադայի վարչապետ, պահպանողական Սթիվեն Հարփերը բազմիցս ընդգծել է, որ չի ցանկանում աշխատել Քվեբեկի անջատողականների հետ։ Մարուան մտադիր է առաջիկայում հանդիպել նրան՝ քննարկելու ներգաղթային քաղաքականության ու աշխատանքային օրենսդրության որոշ հարցերի վերահսկողության փոխանցումը Քվեբեկին։

Օտտավայի կենտրոնական կառավարության ու Քվեբեկի նորընտիր կառավարության միջև հնարավոր կոնֆլիկտը կարող է նպաստել անջատման կողմնակիցների ժողովրդականության աճին, նշում են վերլուծաբանները։

Ի դեպ, այսօր Մոնրեալում զինված մի տղամարդ կրակ է բացել Քվեբեկյան կուսակցության համագումարի ժամանակ, հաղորդում է The Canadian Press-ը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Փոլին Մարուան հայտարարել է, որ ֆրանսախոս Քվեբեկի ապագան սուվերեն պետություն դառնալն է։ Թիկնապահների օգնությամբ Մարուան լքել է բեմը, սակայն շուտով վերադարձել է և ավարտել ելույթը։

Կրակոցների հետևանքով մի մարդ զոհվել է, մեկը վիրավորվել․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Տղամարդը ձերբակալվել է։ Նրա արարքի պատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն ձերբակալման պահին նա բացականչել է․ «Անգլիացինե՛ր․ արթնացե՛ք։ Ժամանակն է վերադարձնել պարտքերը»։