Լարվածություն Սիրիայի ազատ բանակի և ջիհադականների միջև

Սիրիայի ազատ բանակի Ալ Ֆարուկ ջոկատի 15 ջոկատայիններ դաշույնի հարվածներով սպանել են իսլամական ջիհադական «Ալ Շուրա» խմբավորման պետին՝ Աբու Մուհամադ ալ Շամի ալ Աբսիին, որը սերտ կապեր ունի «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ, հաղորդում է «Ալ Կուդս ալ Արաբի» պարբերականը:

Պարբերականի հաղորդմամբ՝ իսլամական ջիհադական կազմակերպությունն ավելի քան մեկ ամիս առաջ գրավել էր Թուրքիայի հետ սահմանային «Բաբ Ալ Հաուա» անցակետը: Այն ունի մոտ 150 անդամ և սերտ համագործակցում է Թուրքիայի անվտանգության ուժերի հետ, մինչդեռ վերջինիս հետ Սիրիայի ազատ բանակի հարաբերությունները վերջերս վատթարանում էին:

Սպանության լուրի հայտնվելուց անմիջապես հետո բախումներ են սկսել Սիրիայի ազատ բանակի և ջիհադական կազմակերպության միջև:

Նշենք, որ սա ամենամեծ բախումն է, որ տեղի է ունեցել Սիրիայում ապստամբության սկզբից մինչ այսօր սիրիացի ապստամբների և արմատական իսլամական խմբավորումների միջև, որոնք Սիրիա են ժամանել արաբական և իսլամական տարբեր երկրներից: