«Նարեկացի» կենտրոնը 8-րդ տարեդարձն է նշում

Գրիգոր Նարեկացուն նվիրված միջոցառումների շարքով Նարեկացի արվեստի միությունը կնշի երևանյան կենտրոնի հիմնադրման 8-րդ տարեդարձը:
Սեպտեմբերի 5-ից 9-ը կենտրոնում կկազմակերպվեն համերգներ, դասախոսություններ և ցուցահանդես: «Նարեկացու հետ» խորագրի ներքո ելույթներով ու դասախոսություններով հանդես կգան Նարեկացու «Մատեան ողբերգություն» երկի անգլերեն թարգմանության հեղինակ Թոմաս Սամուելյանն ու արաբերեն թարգմանության խմբագիր Հայր Անտոն Ադամյանը (Կանադա), երաժշտագետ Մհեր Նավոյանը, ազգագրագետ ու բանագետ Արուսյակ Սահակյանը:

Այս օրերին կհնչեն նաև Նարեկացու տաղերը տարբեր մեկնաբանություններով․ վոկալ մշակումները սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի, իսկ դուդուկի համար գործիքային մշակումները` «Նարեկացի» ժողնվագարանների համույթի մենակատար  Արսեն Պետրոսյանի կատարմամբ:

Կկայանա նաև ցուցահանդեսի բացում: «Նարեկյան պատկերակերտումները» կներառեն գեղանկար, քանդակ ու կոլաժ: Ցուցահանդեսի պատվո մասնակիցն է Հակոբ Հակոբյանը: Կներկայացվեն նաև Տիգրան Ասատրյանի, Նարեկ Ավետիսյանի, Հերիքնազ Գալստյանի, Գոհար Թումասյանի, Արմեն Խաջոյանի,  Արամ Հունանյանի,  Մուշեղ Մխիթարյանի, Սևան Նագգաշյանի և Հովնան Սարգսյանի պատկերակերտումները: