Կատալոնիայի մունիցիպալիտետներից մեկը հայտարարել է Իսպանիայից անկախության մասին

Կատալոնական Սան Պեդրո դե Տորելիո մունիցիպալիտետի օրենսդիրները հայտարարել են Իսպանիայի կենտրոնական կառավարությունից իրենց տարածքի անկախության մասին։ Տեղի պատգամավորները նախօրեին ընդունել են «Կատալոնական ազատ տարածքի մասին» բանաձևի նախագիծ, հաղորդում է Ինտերֆաքսը։

Բացի այդ՝ պատգամավորները Կատալոնիայի խորհրդարանին կոչ են արել երկու ամսվա ընթացքում միաձայն ընդունել բանաձև այս ինքնավար համայնքի ազգային սուվերենության մասին և տվյալ հարցի շուրջ անցկացնել հանրաքվե։

Բանաձևի տեքստի հեղինակները Կատալոնիայի խորհրդարանին առաջարկել են անհապաղ ստեղծել ֆինանսների սեփական նախարարություն և ազգային բանկ, հարկային տեսչություն, ինչպես նաև արդարադատության նախարարություն։ Բացի այդ՝ նրանք կոչ են արել միջազգային հանրությանը հայտարարել Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատման գործընթացի մեկնարկի մասին։

Օրենսդիրները Կատալոնիայի խորհրդարանին նաև առաջարկել են չեղյալ հայտարարել Կատալոնիայի հասարակական ու գիտական կյանքում կատալոներենի օգտագործումը սահմանափակող օրենքներն ու դատական որոշումները, Իսպանիայի ոստիկաններին ու զինվորներին պարտադրել նախքան Կատալոնիայի տարածքում գործողություններ իրականացնելը նախապես կապվել կատալոնական իշխանությունների հետ, ինչպես նաև հովանավորություն խնդրել միջազգային կազմակերպություններից։

Սան Պեդրո դե Տորելիոն Իսպանիայի մունիցիպալիտետ է, այն մտնում է Բարսելոնի նահանգի մեջ Կատալոնիայի ինքնավար համայնքի կազմում։