Իվանիշվիլիի հեռուստաալիքը միջազգային խորհուրդ է ստեղծել

Վրացի հայտնի միլիարդատեր, ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «9-րդ» հեռուստաալիքը այսօր հայտարարել է միջազգային խորհրդականների խորհրդի ստեղծման մասին, փոխանցում է «Գրուզիա օնլյանը»։ Խորհրդի կազմում են ամերիկյան New York Times պարբերականի միջազգային թղթակից և խմբագրական էջի ղեկավար Լես Հելբին, նախկին կոնգրեսական և «Վուդրո Վիլսոնի կենտրոնի» նախկին ղեկավար  Լի Համիլթոնը, CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար Լարի Քինգը, Վրաստանի Հասարակական գործերի ինստիտուտի ռեկտոր Գեորգի Մարգվելաշվիլին և ֆրանսիացի լրագրող, մամուլի ազատության հարցերով իրավապաշտպան Ռոբերտ Մենարդին։

Հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն՝ խորհրդի նպատակը ալիքի խմբագրական ազատության ապահովումն ու պաշտպանումն է և Վրաստանում խոսքի ազատության հարցում ալիքի գործունեությանն աջակցելը։

Խորհրդի ստեղծման շուրջ մեկնաբանել են նաև նրա անդամները։ Քինգի խոսքով՝ ինքը հպարտ է, որ դարձել է այդ խորհրդի անդամ։