Ուսումնական տարվա մեկնարկից հետո դրամը սկսել է արժեզրկվել

Մոտ մեկ ամիս արժևորումից հետո Հայաստանի ազգային արժույթը սկսել է նորից արժեզրկվել։ Սեպտեմբերի 5-ին բանկերը $1-ը գնում էին հիմնականում Դ410-ով և վաճառում՝ Դ414-ով։ Ներբանկային շուկայում առքի միջին փոխարժեքը կազմել է Դ410,25/$1, վաճառքինը՝ Դ413,87/$1։

Ներբանկային շուկայում առքի և վաճառքի փոխարժեքի մարժան վկայում է, որ դրամի արժեզրկման՝ շաբաթվա սկզբին ձևավորված սպասումները շարունակում են պահպանվել։ Վերջին երեք օրվա ընթացքում դրամն արժեզրկվել է Դ3-ով, միայն սեպտեմբերի 5-ին ներբանկային շուկայում դրամն արժեզրկվել է 1 կետով։ Բացասական սպասումների մասին է վկայում նաև այն, որ բանկերում դոլարի առքի և վաճառքի միջև մարժան կազմում է Դ4-6։ Համեմատության համար նշենք, որ «սովորական օրերին» մարժան չի գերազանցում Դ3-ը։

Այն, որ դրամի արժեզրկումը սպասելի էր և չի կրում սպեկուլյատիվ բնույթ, վկայում է նաև «Նասդաք ՕԷմԷքս Արմենիա» բորսայում դոլարային գործարքների ծավալը։ Սեպտեմբերի 5-ին իրականացվել է $1,35 մլն-ի առք ու վաճառքի գործարք՝ Դ412,5/$1 միջին փոխարժեքով։

Նշենք, որ օգոստոսի 8-ից մեկնարկած դրամի արժևորման գործընթացը կրել է սեզոնային բնույթ և պայմանավորված է եղել մասնավորապես ներգնա զբոսաշրջությամբ։ Բացի այդ՝ նախորդ տարիների միտումները ցույց են տալիս, որ օգոստոսի վերջին քսանօրյակում աճում է Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների ծավալը՝ պայմանավորված ուսումնական տարվա մեկնարկով։ Արտարժութային շուկայում դոլարի ավելցուկային ծավալների մասին վկայում է նաև այն, որ այդ ժամանակահատվածում Կենտրոնական բանկը շուկայից գնել շուրջ $7 մլն։

Հիմք ընդունելով նախորդ տարիների միտումները՝ դրամի արժեզրկման միտումները կպահպանվեն մինչև նոյեմբերի վերջ։ Դեկտեմբերին, պայմանավորված նախատոնական ծախսերով, դրամը որոշակիորեն կարժևորվի։

Մեկնաբանել