Հունաստանը Գերմանիայից €7,5 մլրդ-ի պատերազմական տուգանք կպահանջի

Գերմանիայի խորհրդարանը քննարկում է Գերմանիայից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական օկուպացիայի համար ռեպարացիաների՝ պատերազմական տուգանքների գանձման հարցը, քանի որ երկրի ֆինանսների փոխնախարար Քրիստոս Ստայկուրասի խոսքով՝ Հունաստանը երբեք էլ չի հրաժարվել այդպիսի փոխհատուցման իրավունքից, հաղորդում է Bloomberg-ը։ «Գերմանական ռեպարացիաների հարցը բարդ խնդիր է իրավաբանական տեսանկյունից, որը պետք է քննարկվի միջազգային մակարդակով՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերի»,- ասել է Ստայկուրասը Հունաստանի խորհրդարանի նիստում։

Համաձայն Հունաստանի ֆինանսների նախարարության հատուկ հանձնաժողովի հաշվարկների՝ Գերմանիան նախկինի պես Աթենքին պարտք է €7,5 մլրդ, գրում է Digital Journal ինտերնետային պարբերականը։ Ավելի վաղ շրջանառվում էր €70 մլրդ թիվը, իսկ Գերմանական պարտքերի պահանջի ազգային խորհուրդը վստահեցնում էր, որ Հունաստանն իրավունք ունի ստանալու €162 մլրդ, ներառյալ՝ անհատական վճարումները նացիստական հանցագործությունների զոհերին։

Վերջին նախընտրական արշավի ժամանակ «Անկախ հույներ» կուսակցության պատգամավորները Աթենքին կոչ էին անում Գերմանիայից պահանջել փոխհատուցում նացիստական օկուպացիայի ընթացքում երկրին պատճառած վնասի դիմաց։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Հունաստանը ստիպված է եղել պարտքով ֆինանսական միջոցներ տրամադրել նացիստական Գերմանիային, և դրանք Աթենքին չեն վերադարձվել։

Մեկնաբանել