Հայաստանում Intel-ի հետազոտական լաբորատորիա կհիմնվի

Հայաստանում Intel-ի կողմից հետազոտական լաբորատորիա կհիմնվի, որը կաշխատի Intel-ի առաջնային R&D տեխնոլոգիաների հենքով: Այդ նպատակով արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին այսօր հայտարարվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի և Intel ընկերության տարածաշրջանային տնօրեն Քրիշթիան Մորալեսի հանդիպման ընթացքում, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Intel-ի համար Հայաստանում կան բուռն գործունեություն  ծավալելու լավ նախապայմաններ և մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցությանը»,- ասել է վարչապետը:

Մորալեսը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեմպերը և նշել, որ Intel-ը շահագրգռված է Հայաստանում իր գործունեությունն ընդլայնել:

Կողմերը քննարկել են  նաև նոյեմբերին 14-15-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում կայանալիք Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 5-րդ ամենամյա «ArmTech Congress-12» շրջանակում համագործակցության հուշագրի մշակման և ստորագրման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: