ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանին կոչ է արել վերանայել իր որոշումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն այսօր իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացման կապակցությամբ՝ պայմանավորված Ադրբեջանի՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշմամբ:

«Միանում եմ պարոն Սաֆարովի գործած ահավոր հանցագործության «հերոսացումը» դատապարտող միջազգային հանրության հայտարարություններին»,- ասել է Ժան-Կլոդ Մինյոնը՝ հավելելով, որ նրա ազատ արձակումն անընդունելի է:

«Այս սկանդալային ազատ արձակումը շատ բացասական հետևանքներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի՝ առանց այն էլ լարված հարաբերությունների վրա, միաժամանակ՝ վտանգում ապակայունացնել տարածաշրջանի իրավիճակը: Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում վերանայել իրենց որոշումը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշների և էթիկական նորմերին համապատասխան»,- ասել է ԵԽԽՎ նախագահը: