Լուրջ վնաս է հասցվել Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին. Է․Նալբանդյան

 

Ազգային ժողովի այսօրվա նիստում ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:  Հիշեցնենք, որ խորհրդարանի արտահերթ նիստը նվիրված է Հունգարիայում հայ սպայի սպանության համար ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուն և այդ երկրի նախագահի կողմից ներում շնորհելուն: Էդվարդ Նալբանդյանի ելույթը ներկայացված է՝ ըստ ԱԳՆ տարածած հաղորդագրության:

Մեծարգո Ազգային ժողովի նախագահ,

Հարգելի պատգամավորներ,

Հարցի վերաբերյալ կցանկանայի անդրադառնալ հետևյալ կետերին.

1. 2004թ. Սաֆարովի ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին պատժից ազատելու և նրան տեղափոխելու համար:

Պարբերաբար տեղեկություններ ստանալով Ադրբեջանի այդ փորձերի մասին՝ Հայաստանը բոլոր՝ հանրապետության նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա, ու բազմաթիվ անգամներ հունգարական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը բացառված է: Այդ հավաստիացումները տրվել են մեր հարցումներին ի պատասխան նաև օգոստոսի երկրորդ կեսին, ներառյալ օգոստոսի 22-ին, 23-ին, 24-ին Հունգարիայի արտաքին գործերի և արդարադատության նախարարություններում, նաև՝ խորհրդարանում:

Այդ հավաստիացումները վերահաստատելու համար օգոստոսի 24-ին մեր կողմից գրավոր հարցում է ներկայացվել Հունգարիայի իշխանություններին: Այդ հարցման պատասխանի ուշացման պատճառով, օգոստոսի 28-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հանդիպումներ են տեղի ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում, որոնց ժամանակ կրկին ասվել է, որ նման բան չկա: Հետագա զարգացումները հայտնի են:

2. Հանցագործության առաջին իսկ օրվանից հունգարական իշխանությունները քաջատեղյակ էին, որ Ադրբեջանը փառաբանում է այդ ոճրագործությունը և հերոսացնում կատարողին՝ անգամ այն աստիճան, որ մարդասպանին ներկայացնում էր որպես օրինակ ադրբեջանցի երիտասարդության համար: Բնականաբար այս տարիների ընթացքում Հունգարիայի իշխանությունները տեղի չէին տալիս Ադրբեջանի կեղծ խոստումներին առ այն, որ մարդասպանը կշարունակի սահմանված պատիժը կրել տեղափոխման դեպքում: Ադրբեջանի հետ այս կասկածելի գործարքին գնացած Հունգարիայի կառավարությունը ներկայացնում է ադրբեջանական կողմից ստացված շինծու մի նամակ՝ ձևացնելով, որ հավատացել է Ադրբեջանի կեղծ հավաստիացումներին:

Բնական է, որ այսօր հունգարական կառավարությունը չի կարողանում որևէ հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու նման կտրուկ շրջադարձ տեղի ունեցավ իր դիրքորոշման մեջ և ինչու հանկարծ այդքան դյուրահավատորեն ընդունեցին ադրբեջանական ստերը:

3. Հունգարիայի ներկա կառավարությունը նաև չի կարողանում որևիցե համոզիչ փաստարկ ներկայացնել, թե ինչու է գործել գաղտագողի, ինչը պնդում է Բաքուն: Եվ ինչպես վկայում է սեպտեմբերի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպումը, եռանախագահող երկրները նույնպես տեղյակ չեն եղել այդ գործարքի մասին: Համանախագահ երկրների դատապարտող հայտարարությունները ևս վկայում են այդ մասին:

4. Հունգարիայի կառավարությունն այս գործարքով մեծ հարված հասցրեց ոչ միայն իր երկրի միջազգային հեղինակությանը, այլ նաև հայ-հունգարական միջպետական հարաբերություններին, ինչը հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների կասեցմանը: Հազարավոր հունգարացիների, կրոնական առաջնորդների, տարբեր հասարակական, քաղաքական կառույցների արձագանքները, նամակներն ու հայտարարությունները, բողոքի ակցիաները վկայում են այն մասին, որ Հունգարիայի ժողովուրդը չի կիսում և խստորեն դատապարտում է կառավարության այս անընդունելի քայլը, իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին: Վստահաբար բարեկամության դարավոր ավանդույթներ ունեցող հայ և հունգար ժողովուրդները կկարողանան հաղթահարել Հունգարիայի ներկա կառավարության կողմից պարտադրված այս փորձությունը:

5. Մարդասպանին ազատ արձակելու և մեծարելու՝ Ադրբեջանի ղեկավարության այս ցուցադրական, գռեհիկ քայլերը ցնցել են միջազգային հանրությանը, բայց ոչ պակաս ցնցում են Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային իրավունքի, և ընդհանրապես միջազգային հանրության նկատմամբ: Հայտնի են այն բազմաթիվ գնահատականները, որոնք տարբեր միջազգային կառույցների, երկրների կողմից տրվել են այս գործարքին: Ես կցանկանամ մեջբերել րոպեներ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հայտարարությունը, որտեղ հատկապես մտահոգվածություն է հայտնվում, որ այս գործարքում չարաշահվել է Եվրոպայի խորհրդի իրավական գործիքը:

Միջազգային հանրության միահամուռ, հասցեագրված բացասական գնահատականը այդ խայտառակությանը վկայում է, որ նման երևույթները չեն կարող հանդուրժվել:

6. Ադրբեջանա-հունգարական գործարքը լուրջ վնաս է հասցրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Սա ադրբեջանական կողմի ևս մեկ փորձ է՝ ձախողելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը ու այդ ուղղությամբ միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանը բանակցային գործընթացի քողի տակ շարունակի իր արկածախնդիր քաղաքականությունը: Այս ուղղությամբ Հայաստանը գործադրել է և շարունակելու է ինտենսիվ ջանքեր գործադրել միջազգային կառույցների և գործընկեր երկրների հետ համատեղ:

7. Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է կառուցենք մեր հետագա վճռական քայլերը, շարունակենք միջազգային հանրության կողմից ըմբռնելի, հավասարակշիռ և կառուցողական մեր քաղաքականությունը ու մեր գործընկերների հետ համատեղ ավելացնենք ջանքերը՝ ուղղված ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը: