ՀՀ ԱԺ-ը կասեցնում է Հունգարիայի խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները

2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը նշում է.

« – Անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին` 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը,

– Ընդգծելով, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը,

– Արձանագրելով, որ հայ սպայի սպանությունը եւ այն կատարած հանցագործը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար, ամենաբարձր մակարդակով արդարացվում և հերոսացվում էր, ուստի և որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել և ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված հանցագործությունները խրախուսելու համար,

– Փաստելով, որ Ադրբեջան վերադարձված հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպես նաև կոչումների ու տարատեսակ պարգեւների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսևորում է միջազգային հանրության նկատմամբ,

– Համարելով, որ այս հանցագործությունը հետևանք է ադրբեջանական իշխանությունների կողմից հետևողականորեն քարոզվող այլատյացության քաղաքականության, իսկ հանցագործին ներում շնորհելով` Ադրբեջանի նախագահը և ադրբեջանական իշխանությունները ստանձնում են նրա հանցանքի պատասխանատվությունը,

– Որակելով Ադրբեջանի նախագահի հրամանագիրը որպես 1983 թվականի Ստրասբուրգի «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների և նորմերի ոգուն հակասող գործողություն.

Ազգային ժողովը հայտարարում է.

1. Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար, հետևաբար Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսևորած վարքագիծը և կասեցնում է Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները.

2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում իր սանձազերծած հակահայկական թշնամանքի և ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները, կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետևողական քաղաքականությունը.

3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում.

4. Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի միջև 2012 թվականի օգոստոսի 31-ին իրականացված գործարքը.

5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների համարժեք արձագանքը և համապատասխան հստակ գործողությունները»:

Հիշեցնենք, որ հայտարարությունն ընդունվել է Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քվեարկության 96 «կողմ» և 1 «դեմ» արդյունքներով. դրանով կասեցվում է Հունգարիայի խորհրդարանի հետ հարաբերությունները:

Միակ «դեմը»«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, ով իր կողմնորոշման մասին հայտարարել էր դեռ իր ելույթում` հիմնավորելով, որ այս ամենի արդյունքում ոչ մի առաջընթաց չի լինի: «Ժառանգության» խմբակցության մյուս ներկայացուցիչները քվեարկությանը չեն մասնակցել:

Մեկնաբանել