ՀԱԿ-ը միացել է ԱԺ հայտարարությանը, «Ժառանգություն»-ը` ոչ

 

Հայ ազգային կոնգրեսը միացել է ԱԺ-ի հայտարարությանը. այդ մասին իր ելույթում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ համակարգողը կարևորեց ստեղծված իրրավիճակում միասնական ճակատով հանդես գալու վճռականությունը, միևնույն ժամանակ կրկնեց Կոնգրեսի` օգոստոսի 31-ի հայտարարությունը առ այն, որ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում այս իրավիճակի համար:

Հայաստանի պատկան մարմինները` ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը, անվտանգության խորհուրդը, նրա խոսքերով, մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահեին բոլոր զարգացումները և արտահանձնման վերապատրաստության մասին ողջ տեղեկատվությունը, կանխարգելիչ քայլեր ձեռնարկեին այդ ուղղությամբ: Զուրաբյանի համոզմամբ` եթե հարցը բարձրաձայնվեր այն ժամանակ, երբ Սաֆարովի էքստրադիացիայի հնարավորության մասին հայտնի դարձավ, հանցագործը հիմա նստած կլիներ Հունգարական բանտում: «Քայլերը պետք է արվեին հրապարակավ, հրապարակավ հայտարարություններով դիմեիք այդ երկրի ղեկավարություններին, ինչը չեք արել», – հարևանությամբ նստած արտգործնախարարին դիմեց ընդդիմադիր պատգամավորը:
 
Իր ելույթի ավարտին Զուրաբյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին զերծ մնալ էմոցիոնալ, քաղաքականապես ոչ հասուն քայլերից, որոնք կարող են վնասել ՀՀ և ԼՂՀ անվտանգությանը:

Ադրբեջանը, ըստ խմբակցության ղեկավարի, ցույց տվեց իր ռազմաշունչ կեզվածքը, բայց Հայաստանը չպիտի գնա նույն ճանապարհով և զերծ մնա որևէ քայլից, որը կխանգարի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի` Հունգարիայի խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները դադարեցնելու մասին որոշման հայտարարության տեքստն ընդունվել է այսօր Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քվեարկության 96 «կողմ» և 1 «դեմ» արդյունքներով:

Միակ «դեմ»-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր, ով իր կողմնորոշման մասին հայտարարել էր դեռ իր ելույթում` հիմնավորելով, որ այս ամենի արդյունքում ոչ մի առաջընթաց չի լինի: «Ժառանգության» խմբակցության մյուս ներկայացուցիչները թեպետ ներկա էին, սակայն քվեարկությանը չեն մասնակցել: