Ալիևը պատերազմ չի սկսի. Տիգրան Թորոսյան

«Ալիևն ուղղակի միշտ պիտի շահարկի պատերազմը, բայց նա պատերազմ չի սկսի»,- այս կարծիքը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման հյուրասրահում հայտնեց քաղաքագիտական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը: «Ինքը պիտի հնարավորություն ունենա բյուջեի որոշակի հոդվածներով մեծ գումարներ որոշակի տեղեր ուղարկելու, պիտի կարողանա բացատրել ադրբեջանցիներին, թե ինչու են իրենք վատ ապրում: Պատերազմը շատ հարմար է»,- նշեց նա: Սակայն, ըստ Թորոսյանի, Ալիևը երբեք չի սանձազերծի պատերազմ, քանի որ դա իրեն պետք չի, և ինքը վստահ չէ, որ կհաղթի:

Թորոսյանի դիտարկմամբ` Ալիևը լավ չէր հաշվարկել, Սաֆարովի ներումը նույնիսկ իրեն չբերեց սպասված օգուտը: «Ալիևը փորձում է իր ժողովրդի մոտ հերոս երևալ, ինչը ոչ մի արժեք չունի: Նախորդ տարիներին էլ ինքը փորձում էր համոզել իր ժողովրդին, թե ինքը պատրաստ է ամեն ինչ անել իրենց համար, բայց, ի վերջո, արեց ռասիստական քայլ պետական մակարդակով»,- նշեց նա: Նա հիշեցրեց, որ դիվանագիտության մեջ մշտապես շահում են նրանք, ովքեր կարողանում են ճիշտ պահին օգտվել հակառակորդի սխալից, և Հայաստանի համար հիմա հենց այդպիսի պահ է` պետք է առավելագույնս օգտվել հակառակորդի կոպիտ սխալից:

Այս արտահանձնումը թերացումն էր նաև մեր արտգործնախարարության. Թորոսյանն էլ վստահ է, որ մեր արտգործնախարարությունը «նախկին խորհրդային հիմնարկ է, որտեղ ևս ծանոթով ընդունված մարդիկ կան», սակայն այս պահին պետք է համատեղել բոլոր կարող ուժերին և գիշերուզօր աշխատանքով ձգտել դիվանագիտական հաջողությունների:

Գուրգեն Մարգարյանի և Վահե Ավետյանի սպանությունները զուգահեռելը, ըստ Թորոսյանի, ճիշտ չէ: «Չի կարելի ողբերգությունները շահարկել. շատ մեծ ցավ է, երբ մարդ է մահանում օրենքի ոտնահարմամբ, դաժան ծեծի արդյունքում: Սակայն տարբեր խնդիրներով տարբեր մարդիկ` մասնագետներ պիտի զբաղվեն: Քաղաքացիական հասարակության համար քաղաքացիների քննարկումները կարևոր են, սակայն մասնագիտական կարծիքի բացակայության պարագայում այս քաղաքացիական շարժումները կարող են վնասակար լինել` սխալ զարգացումներ ունենալով»,- ասաց նա:

Ընդդիմության հետ իշխանության համագործակցությունն, ըստ Թորոսյանի, արդյունավետորեն չի կայանում, քանի որ որևէ կոնկրետ խնդրի մասին չի խոսում: «Իրականում ճիշտ խնդիրները, որ պետք է լուծվեն իրավիճակը բարելավելու համար, չեն բարձրաձայնվում, չեն առաջարկվում դրանց լուծման տարբերակներ: Փոխվել են ժամանակները, իսկ մարդիկ ովքեր եթերում խոսում են արդեն քսան տարի, չես տեսնում, որ քսան տարվա մեջ մի բան սովորել են: Եթե մենք մասնագետներ չպատրաստենք, ընտրությունները կմնան ինքնանպատակ: Ստացվում է` մեկն ասում է` վեր կաց, ես նստեմ, մյուսն ասում է` ինչի՞ վեր կենամ որ, լավ էլ նստած եմ»,- նկարագրեց նա: