Այս ներումն ու մեծարումը ծայրահեղ անընդունելի է. ադրբեջանցի մտավորական

Սաֆարովի ներման ու մեծարման մասին kultura.az կայքում «ոչ ադրբեջանական» կարծիք է հրապարակել պրոֆեսոր Ռահման Բադալովը: «Իմ տեսանկյունը» հոդվածում այս արարքը նա որակել է «պատվի ու արժանապատվության սահմաններից» դուրս, և համոզմունք հայտնել, որ իշխանությունների ջերմեռանդ ու անմտածված գործողությունները մեծ վնաս են հասցրել երկրի վարկանիշին: Ներկայացնում ենք հոդվածը.

Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի պատմությունը պայթեցրեց մեր հասարակությունը: Ոմանք (մեծամասնությունը) նրան հերոս են կոչում, մյուսները` հանցագործ, և հակընդդեմ ճամբարներից անընդհատ փոխադարձ մեղադրանքներ են հնչում, որոնք թույլ չեն տալիս հանգիստ և սթափ գնահատել կատարվածը:

Ակամա համեմատում ես ֆրանսիական բանակի կապիտան Դրեյֆուսի հետ (մեր պատմությունն առավել այլանդակ է), ով  իր ժամանակին մասնատել էր ֆրանսիական հասարակությունը: Այն տարիներին, Ֆրանսիայում, զինվորական դասակարգը, ազգայնականները, պաշտոնյաները, գումարած նրանք, ովքեր հակասեմիտական հայացքներ ունեին ոչ միայն մեղադրող կողմին էին պաշպանում, այլև հրահրում էին ազգայնական հիստերիա, որը, ինչպես միշտ, լռեցնում է գիտակցության և խղճի ձայնը: Այդ պայմաններում բազմաթիվ ֆրանսիացի մտավորականներ իրենց պարտքը համարեցին պաշտպանել կապիտան Դրեյֆուսին, որի մեղքը չէր ապացուցվել դատարանում: Հավելեմ, որ ֆրանսիական մտավորականության դիրքորոշումը, այդ թվում` Էմիլ Զոլայի հանրահայտ «Ես մեղադրում եմ» հոդվածը ոչ միայն օգնեցին կապիտան Դրեյֆուսի հետագա վերականգնմանը, այլև մեծ դեր խաղացին Ֆրանսիայում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում:

Այս պայմաններում, իմ քաղաքացիական պարտքն եմ համարում արտահայտել իմ տեսակետը Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ` խուսափելով  ցանկացած ռազմավարական հնարքից:

Միանգամից ասեմ, որ, չլինելով իրավաբան, չեմ կարող իրավական գնահատական տալ ադրբեջանական բանակի սպայի արտահանձման և ներման գործընթացին, բայց չեմ կարող ուշադրություն չդարձնել մեր շատ հեղինակավոր իրավաբանների կարծիքին, որոնք խոստովանել են, որ նախագահի հրամանագիրը հապճեպ էր և իրավական առումով`բնավ ոչ անթերի: Շարադրեմ իմ սեփական դիրքորոշումը:

Առաջին

Արտահանձնումն ու ներումը կարելի էր ընդունելի համարել, եթե չլինեին դրան հաջորդող  իշխանական մյուս գործողությունները (օդանավակայանում հանդիսավոր դիմավորումը, զինվորական կոչման բարձրացումը, հունգարական բանակում գտնվելու տարիների ողջ աշխատավարձի վճարումը, բնակարանի տրամադրումը և այլն): Ըստ էության, ներումը վերածվեց վերականգնման, ինչը ծայրահեղ անընդունելի է, քանի որ խոսքը մի հանցագործության մասին է, որը ապացուցվել է դատավարության ընթացքում:

Երկրորդ

Ռամիլ Սաֆարովը ոչ միայն հանցագործություն է կատարել, այլև` իմ տեսանկյունից, անցել է սպայի պատվի և արժանապատվության սահմանը: Բոլոր ժամանակներում, բոլոր բանակներում` նույնիսկ խոր հնադարում, գոյություն ունեին ռազմական էթիկայի այս կամ այն նորմերը, որոնք խախտելը ամոթալի էր համարվում: Անհաժեշտ է իրերը կոչել իրենց անուններով. կացնահարել քնած մարդուն անարժան քայլ է ցանկացած մարդու, առավել ևս` սպայի համար, և նման արարքը արժանի է վճռականորեն դատապարտման` անկախ այն հանգամանքներից, որոնց արդյունքում այդ արարքը կատարվել է:

Ընդգծեմ, որ այդ սկզբունքների ոտնահարումը պետք է դատապարտվի առավել խստորեն, քան` քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի խախտումը, քանի որ միայն նման արարքների վրա առկա տաբուներն են, որ կանխում են հասարակության անկումն ու համընդհանուր չարությամբ` վայրենանացումը:

Երրորդ

Ռամիլ Սաֆարովի հերոսացումը կտրականապես հակադրում է նրան Ղարաբաղյան պատերազմի իրական հերոսներին, որոնցից շատերը զոհվել են հենց ռազմի դաշտում: Մենք գիտենք, թե ինչպես են այսօր ապրում Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները, ինչպես են ոտնահարվում նրանց իրավունքները, ինչ անտանելի պայմաններում են ապրում Ղարաբաղյան պատերազմում զոհված բազմաթիվ զինվորների և սպաների ընտանիքները: Այս պայմաններում ռազմական էթիկայի տարրական սկզբունքները խախտած հանցագործի որևէ մեծարումը ուղղակի վիրավորանք է Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակի հանդեպ:

Չորրորդ

Ես ստիպված եմ եղել բազմիցս գրել, որ չի կարելի Ղարաբաղյան պատերազմը վերածել հայերի հետ ազգայնական պատերազմի: Դա անընդունելի է, քանի որ նման զգացմունքները մեծամասամբ մերժված են քաղաքակիրթ մարդկության կողմից: Մյուս կողմից, դա մեզ դնում է երկիմաստ դրության մեջ, քանի որ մենք հրապարակայնորեն համաձայնվում ենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին բարձր մակարդակի ինքնավարության տալ: Մինչդեռ էթնիկ հակադրության հնչերանգն ու  բառապաշարը, որը կարելի է տեսնել ոչ միայն մեր որոշ լրագրողների հոդվածներում, այլև մեր շատ քաղաքական գործիչների հայտարարություններում, օրակարգային են դարձնում հայկական բնակչության անվտանգության հարցը, ովքեր ապրում են և համաձայն մեր հայտարարությունների` դեռ պետք է ապրեն մեր երկրում:

Հինգերորդ

Ռամիլ Սաֆարովին պաշտպանելու փաստարկները չի կարելի կառուցել այլ երկրի գործողությունների հետ զուգահեռների վրա: Բոլորիս էլ դեռ  դպրոցական տարիներից ծանոթ են նմանատիպ «փաստարկները»` «իսկ ինչո՞ւ իրեն կարելի է, իսկ ինձ` ոչ», «եթե նա նման բան անի, ես նույն ձևի պատասխան կտամ». հասուն հասարակությունը նման բաները պետք է մանկամիտ համարի: Խորշելի արարքը պետք է կոչվի խորշելի, և ոչ մի դեպքում այն չի կարող արդարացվել, թե մեկ ուրիշի արարքն ավելի խորշելի է:

Վեցերորդ

Ձայներ են հնչում, որ Ռամիլ Սաֆարովի պատմությունը կարթնացնի Ղարաբաղյան խնդրի հանդեպ հասարակության մեջ քնած հետաքրքրությունը, որ այն կարող է դառնալ մեր մարդկանց մեջ հայրենասիրության աստիճանը բարձրացնելու ազդակ: Իմ կարծիքով, այդ միտքը որքան` վիրավորական, նույնքան էլ սրբապիղծ է: Պատվի ու արժանապատվության սահմանից դուրս այս արարքը ոչ մի կապ չունի իրական հայրենասիրության հետ, այն ունակ է արթնացնել միայն մարդկային ամենաստորին զգացմունքները:

Եվ վերջապես, վերջինը

Համոզված եմ` Ռամիլ Սաֆարովի պատմությունը, ինչպես նաև, մեր իշխանությունների, պարզ ասեմ, ջերմեռանդ, մեծ մասամբ`անմտածված (սա ամենամեղմ բանն է, որ այս կապակցությամբ կարող եմ ասել) գործողությունները մեծ վնաս հասցրին մեր երկրի իմիջին:

Առաջին` մենք հետ մղեցինք Ղարաբաղյան հակամարտության լուծումը, և ահռելի ջանքեր կպահանջվեն կողմերին անվերջ հռետորաբանությունից հետ պահելու համար: Ես խոսում եմ ոչ այնքան ռազմական գործողությունների վերսկսման մասին (ոչ մի նման բան չեմ կանխատեսում), որքան իրենց էությամբ ահաբեկչական գործողությունների մասին:

Երկրորդ, կպահանջվեն մեր բոլոր գիտակից մարդկանց, մտավորականության ոչ պակաս հսկայական ջանքները, որպեսզի, նախևառաջ, մենք աշխարհում չդիտվենք որպես բարոյական մնացուկներ-բարբարոսներ:

Պրոֆեսոր Ռահման Բադալով

Բաքու