Ֆուտբոլային հանդիպումից չորս տարի անց. ժամանակագրություն

Չորս տարի առաջ այս օրը՝ 2008թ. սեպտեմբերի 6-ին, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանեց Երևան, որով սկիզբ դրվեց հայ-թուրքական անարդյունք ավարտված հաշտեցման գործընթացին: Հայ-թուրքական հարաբերությունների անցած չորս տարիների ժամանակագրությունը ներկայացված է ստորև:

2008թ. հունիսի 25 – Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպելով Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Երևան`դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը՝ հիմք դնելով «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած գործընթացին:

2008թ. հուլիսի 24 – Սերժ Սարգսյանը պաշտոնական հրավեր է ուղարկում Աբդուլլահ Գյուլին:

2008թ. սեպտեմբերի 6 – Գյուլը ժամանում է Հայաստան, ակտիվանում են հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները: Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվում է 0-2 հաշվով:

2009թ. ապրիլի 17 – Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու համար Երևան է ժամանում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:

2009թ. ապրիլի 22 – ապրիլի 24-ի նախօրեին՝ ապրիլի 22-ի ուշ երեկոյան հայտարարվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» մասին:

2009թ. մայիսի 1 – Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Ալի Բաբաջանին փոխարինում է Ահմեդ Դավուօղլուն՝ «Ռազմավարական խորք» գրքի հեղինակը, որը աշխարհաքաղաքական նոր իրավիճակում առաջարկում էր ճշգրտել Թուրքիայի տեղն ու դերը:

2009թ. օգոստոսի 31 – Հայտարարվում է, որ Հայաստանը և Թուրքիան նախաստորագրում են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերություների զարգացման մասին» արձանագրությունները:

2009թ. հոկտեմբերի 10 – Շվեյցարիայում չնախատեսված ձգձգումից հետո ստորագրվում են արձանագրությունները: Ներկա էին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, ինչպես նաև միջնորդ երկիր Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

2009թ. հոկտեմբերի 11 – Էրդողանը, փորձելով մեղմել Ադրբեջանի հետ առաջացած լարվածությունը, հայտարարում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի խնդրում առաջընթացի՝ հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել:

2009թ հոկտեմբերի 14 – Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպմանը Հայաստանի հավաքականը կրկին պարտվում է 2:0 հաշվով: ՖԻՖԱ-ն արգելում է խաղադաշտ բերել ադրբեջանական դրոշներ, թուրք ոստիկանները պատռում են դրանք: Բաքվում Շահիդների ծառուղուց հանվում է Թուրքիայի դրոշը:

2010թ. փետրվարի 12 – Արձանագրությունները ուղարկվում են ՀՀ Ազգային ժողով՝ վավերացման: Այդ ընթացքում Թուրքիան անընդհատ ձգձգում է արձանագրությունների վավերացման գործընթացը, նախապայմաններ առաջ քաշում, հարցը կապում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:

2010թ. ապրիլի 7 – Երևան է ժամանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:

2010թ. ապրիլի 22 – Հայաստանը առկախում է արձանագրությունների վավերացման գործընթացը:

2010թ. սեպտեմբերի 19 – Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանությունից հետո առաջին անգամ ատարագ է մատուցվում:

2010թ. դեկտեմբերի 14-15 – Հայաստանի արտգործնախարարության նախաձեռնությամբ կազմակերպվում է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողով:

2011թ. ապրիլի 25 – Կարսում սկսվեց հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժումը:

2011թ. օգոստոսի 22 – Հայ-թուրքական արձանագրությունները դուրս եկան Թուրքիայի խորհրդարանի օրակարգից: Ավելի ուշ դրանք կրկին վերադարձան նոր գումարման խորհրդարանի օրակարգ:

Պատրաստեց Գոռ Երանյանը

Մեկնաբանել