Իսկ մոծակները չեն խանգարել

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013»-ում Հայաստանը նախորդ տարվա համեմատ դիրքը բարելավել է 10 կետով՝ 144 երկրների շարքում զբաղեցնելով 82-րդ տեղը։ Հայաստանն առաջատար է «Մալարիայի ազդեցությունը գործարարության վրա» ենթացուցիչով (144 երկրների շարքում՝ 1-ին տեղը)։ Հանրապետության ամենավատթար ցուցանիշը «Տեղական մրցակցության ուժգնություն» ենթացուցիչում է՝ 130-րդ հորիզոնական։

Երեկ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի (որը Հայաստանում Համաշխարհային տնտեսական ֆորումի գործընկերն է) խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը, ներկայացնելով «Համաշխարհային մրցունակության զեկույց 2012-2013»-ի հիմնական արդյունքները, նշեց, որ զեկույցում ընդգրկվել է 144 երկիր, գլոբալ մրցունակության ցուցիչը հաշվարկվել է՝ հիմք ընդունելով մրցունակության 12 հենասյուն՝ ներառելով ավելի քան 110 գործոն։ Համաշխարհային մրցունակության վարկանիշի հաշվարկման համար հիմք են ընդունվել ինչպես պաշտոնական վիճակագրական տվյալները, այնպես էլ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները։

Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի դիրքի 10 կետով բարելավումը պայմանավորված է մրցունակության ցուցիչի հենասյուների մեծ մասում առաջընթացով։ «Էական առաջընթաց է գրանցվել մակրոտնտեսական միջավայրի կայունության և ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով: Հայաստանի ցուցանիշները բարելավվել են նաև հաստատությունների, բարձրագույն կրթության և վերապատրաստման, աշխատուժի և ֆինանսական շուկայի ոլորտներում»,– ասաց նա՝ հավելելով, թե Հայաստանը փոքր-ինչ հետընթաց է գրանցել ենթակառուցվածքների և տեխնոլոգիական պատրաստվածության առումով: Մասնավորապես՝ «Ինտերնետ օգտագործողների թիվը 100 մարդու հաշվով» ենթացուցիչով հետընթաց է արձանագրվել 38 կետով (106-րդ հորիզոնական)։

Նշենք, որ հետընթացը չի արտացոլում հեռահաղորդակցության ոլորտի իրական պատկերը, իսկ տեղաշարժը պայմանավորված է նրանով, որ եթե անցած տարվա զեկույցում հիմք էին ընդունվել 2010թ. պաշտոնական վիճակագրական տվյալները, ապա այս տարի զեկույցի հեղինակներն օգտվել են Միջազգային հեռահաղորդակցության միության (ITU) կողմից հաշվարկված 2009թ. ցուցանիշից։

Մալարիայի բացակայությունը՝ առավելություն
Համաձայն զեկույցի՝ Հայաստանի մրցակցային առավելություններից է գործարարության վրա մալարիայի զրոյական ազդեցությունը (144 երկրների շարքում այս ենթացուցիչով Հայաստանը զբաղեցնում է 1-ին հորիզոնականը), նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակը (8-րդ հորիզոնական), ահաբեկչության հետևանքով գործարարության ծախսերը (8-րդ հորիզոնական), աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու գործելակերպը (10-րդ հորիզոնական), հանցագործությունների և բռնության հետևանքով գործարարության ծախսերը (13-րդ հորիզոնական)։

Իհարկե, մի շարք երկրներում մալարիայի գործոնն էական ազդեցություն կարող է ունենալ բիզնեսի վրա, բայց այն հազիվ թե առաջնային է Հայաստանի ընդհանուր մրցունակության ցուցանիշի համար։ Իսկ Հայաստանի գործարարների համար իրական խոչընդոտ ներկայացնող գործոններից են կոռուպցիան, հարկային և մաքսային վարչարարությունը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության, դատական համակարգի անկախության և շուկայի թափանցիկության ցածր աստիճանը։ Այս ցուցիչներով թեև առկա է որոշակի առաջընթաց, Հայաստանն այդուհանդերձ հետնապահների շարքում է։

Մասնավորապես՝ տեղական մրցակցության ուժգնության ենթացուցիչով Հայաստանը 144 երկրների շարքում զբաղեցրել է 130-րդ տեղը, մաքսային գործընթացների բեռի ենթացուցիչով՝ 127-րդ տեղը, արտասահմանյան շուկաների ինդեքսով՝ 123-րդը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետություն ցուցիչով՝ 116-րդը, դատական համակարգի անկախության ենթացուցիչով՝ 110-րդ տեղը։
Համեմատության համար նշենք, որ Հայաստանում դատական համակարգն ավելի կախյալ է, քան Եթովպիայում (109-րդ տեղ), Բենինում (101-րդ տեղ), Կոլումբիայում (96-րդ տեղ), Կամբոջիայում (91-րդ տեղ), Եգիպտոսում (53-րդ տեղ)։ Մաքսային գործընթացների բեռի ենթացուցիչով Հայաստանը զիջում է Տանզանիային (113-րդ տեղ), Գանային (98-րդ տեղ), Բուրկինա Ֆասոյին (83-րդ տեղ), Կոտ դ՚Իվուարին (76-րդ տեղ)։

Հարևաններ
Զեկույցում 10 կետով դիրքի բարելավումը և 82-րդ հորիզոնականը Հայաստանի համար առաջին հայացքից լուրջ առաջընթաց է, սակայն անհրաժեշտ է ցուցանիշները դիտարկել տարածաշրջանի մյուս երկրների հետ համեմատության մեջ։ Այսպես՝ Վրաստանը դիրքերը բարելավել է 11 կետով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը, Ադրբեջանն առաջընթաց է արձանագրել 9 կետով՝ զբաղեցնելով 46-րդ հորիզոնականը։ Գլոբալ մրցունակության ցուցանիշով Հայաստանը դիրքերը զիջում է նաև Թուրքիային (զբաղեցրել է 43-րդ տեղը, բարելավումը՝ 16 կետով) և Իրանին (զբաղեցրել է 66 տեղը, հետընթացը՝ 4 կետով)։

Նշենք, որ մրցունակության ցուցանիշով առաջին տեղում Շվեյցարիան է, որին հաջորդում է Սինգապուրը, Ֆինլանդիան, Շվեդիան։ Հնգյակը եզրափակում է Նիդեռլանդները։