Մեհտի խանին հատուկ տարբերակ

Րաֆֆին իր «Խամսայի մելիքությունները» աշխատության մեջ հետաքրքիր տեղեկություններ է տալիս Արցախի հողատիրական իրավունքի մասին: 19-րդ դարի սկզբին Արցախում հողը պատկանում էր գյուղացուն՝ սեփականության իրավունքով: Նա իրավունք ուներ իր հողակտորը վաճառելու, գրավ դնելու, վարձակալության հանձնելու և այլն: Բայց միևնույն ժամանակ ամեն գյուղ ուներ իր գյուղատերը, ով կարող էր լինել մելիք, խան կամ որևէ վանք: Գյուղատերը ամեն տարի գյուղացուց ստանում էր մշակած բերքի որոշ մասը (հարկ), բայց իրավունք չուներ հողը խլել տիրոջից, նվիրել այն կամ գյուղացիների հողերի վրա վարուցանք անել: Գյուղատերերը հիմնականում հայոց մելիքներն ու հայոց վանքերն էին, մահմեդական խաները սկզբում Ղարաբաղում գյուղեր և կալվածքներ չունեին:

Վիճակը փոխվում է Ղարաբաղի՝ ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո: Ցարական իշխանությունը, մեծ դեր տալով խանական իշխանությանը, հսկայական իրավունքներ է շռայլում Մեհտի խանին, ով էլ, ոգևորված դրանից, սկսում է գյուղացիներից խլել հողերն ու բաժանել տարբեր անձանց: Արցախի Ավետարանոց գյուղից ծագած ռուսական գեներալ Մադաթովը, որը նշանակված էր հսկելու Մեհտի խանին, ինքն էր օգնում Ղարաբաղի մահմեդական պաշտոնյային քանդելու դարերով հաստատված հողատիրական իրավունքը: Որպես շնորհակալություն՝ Մեհտի խանը Մադաթովին է նվիրում ամբողջական գյուղեր՝ հսկայական կալվածքներով:

Հայ գեներալի ապաշնորհության և մահմեդական խանի դավերի արդյունքում արցախցի գյուղացին կամաց զրկվում էր հողից, փորձ էր արվում Արցախին անհայտ ճորտատիրությունը փաթաթել ժողովրդի վզին:

Ուղիղ երկու դար է անցել այդ օրերից, այսօր էլ հողը պատկանում է գյուղացուն, գյուղատերի փոխարեն պետությունն է և համայնքը, որոնք էլ գանձում են համապատասխան հարկը: Այնուամենայնիվ, գյուղերը թուլանում են, դատարկվում, որոշ համայնքներում գյուղացուն նույնիսկ իր հասանելիք 0,6 հա հողը չի հասնում:

Ի՞նչ է եղել: Արդյոք նոր Մեհտի խաներ ու գեներալ Մադաթովներ են հայտնվել, որոնք գյուղացուց խլել են նրա հողերը: Ինչո՞ւ երկու դար և դրանից էլ առաջ արցախցի գյուղացին կարողանում էր բարեկեցիկ կյանք ապահովել՝ շնորհիվ իր ազատության և հողի սեփականության, իսկ այսօր Արցախը գյուղատնտեսական ապրանք ներմուծող երկիր է միայն:

2012թ. նախագահական քարոզարշավը ցույց տվեց, որ գյուղաբնակ վայրերում հսկայական բողոք կա, որը մեծապես կապված է հողերի անարդար բաժանման, Մեհտի խանին ու գեներալ Մադաթովին հատուկ քաղաքականության կրկնության հետ: Խանությունը դարձել է իշխանություն, գեներալներն էլ պակաս փառք չունեն, քան Մադաթովը: Հետևաբար՝ ի՞նչն է խանգարում նորօրյա տերերին ունենալ հսկայական կալվածքներ, գյուղացուն կամաց հոգնեցնել և հեռացնել հողից, տեր դառնալ այս ամենին, պետական միջոցներով մշակել իրենց հողատարածքները, անհրաժեշտության դեպքում էլ բռնանալ իշխանություն ձևավորելու մարդկանց իրավունքի վրա՝ հանուն իրենց օգտին հաստատված այս ամենաթողության:

Սա էլ տարբերակ է: Սակայն… Մեհտի խանին հատուկ տարբերակ: