Անդեմ մեծամասնություն

Ազգային ժողովի երեկվա արտահերթ նիստը (որը նվիրված էր հայ սպայի սպանության համար Հունգարիայում ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու դեպքին) կրկին ապացուցեց, որ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը գործադիրի կցորդ է և ի վիճակի չէ որևէ ձևով հակադրվել կամ վերահսկել կառավարության գործունեությունը: Հանրապետական մի շարք պատգամավորների ելույթներում կոչեր հնչեցին, որ ազգային նման հարցերում պետք է վերկուսակցական մոտեցում ցուցաբերել և կողմ քվեարկել հայտարարության ներկայացված նախագծին:

Ուշագրավ էր, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր ելույթում փաստացի ընդունեց, որ Հունգարիայի իշխանությունները խաբել են իրենց: «Հայաստանը բոլոր՝ հանրապետության նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, արտաքին գործերի նախարարի, դեսպանների մակարդակով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա, ու բազմաթիվ անգամներ հունգարական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը բացառված է: Այդ հավաստիացումները տրվել են մեր հարցումներին ի պատասխան նաև օգոստոսի երկրորդ կեսին, ներառյալ օգոստոսի 22-ին, 23-ին, 24-ին Հունգարիայի արտաքին գործերի և արդարադատության նախարարություններում, նաև խորհրդարանում»,– ասաց նա:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հասարակությունը կոնկրետ արդյունք է ակնկալում իր կառավարությունից, ոչ թե ձախողումներն արդարացնելու փաստարկներ: Կառավարությունից նույն բանը պետք է ակնկալի նաև խորհրդարանը՝ անկախ այնտեղ ուժերի դասավորությունից ու թվից: Վերջին հաշվով՝ օրենսդիր մարմնի համար սա լավ առիթ էր գործադիրին վերահսկելու իր ֆունկցիան իրականության մեջ ցույց տալու համար:

Եթե իշխող կուսակցության պատգամավորները խորհրդարանական մյուս խմբակցություններից «ազգային հարցում վերկուսակցական մոտեցում» էին ակնկալում, ապա ինչու իրենք նույնպես վերկուսակցական մոտեցում չեն ունենում և իրենց իսկ կառավարությունից կոնկրետ պատասխան ու պարզաբանում պահանջում ձախողման համար, մանավանդ որ կառավարության ներկայացուցիչն ինքը ըստ էության ընդունում է ձախողման փաստը:

Խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչների բոլոր հայտարարությունների թիրախում հարևան երկիրն ու Հունգարիան էր: Ոչ մի խոսք կառավարության թերացման մասին:

Ազգային ժողովի երեկվա նիստում ՀՀԿ-ն ապացուցեց, որ ի վիճակի չէ ձախողումների համար պատասխանատվություն պահանջել: Այդ վարքագիծը լավագույնս արտահայտում է անցած հինգ տարիների ձախողումները: