ԿԲ-ն անդրադարձել է տոկոսադրույքներին

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 4-ի նիստում անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8% մակարդակում։ 1-տոկոսային կետով (մինչև 4-տոկոսային կետ) իջեցվել է ԿԲ-ի կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը՝ միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումները նվազեցնելու նպատակով։

ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության համաձայն՝ արտաքին և ներքին տնտեսությունների զարգացումներն օգոստոսին ընթացել են հիմնականում Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին համահունչ։ «Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պայմաններում կանխատեսվող հորիզոնում կպահպանվի համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակը: Մյուս կողմից՝ հացահատիկի միջազգային շուկայում վերջին ամիսներին գների շարունակական աճի հետևանքով պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձևավորվել է գնաճային միջավայր, ինչն արդեն մասամբ իր արտացոլումն է գտել ներքին գների վարքագծում»,– նշվում է արձանագրությունում:

2012թ. օգոստոսին արձանագրվել է 0,4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2,5%՝ համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) ստորին մակարդակին:

Ըստ ԿԲ-ի՝ կանխատեսվող հորիզոնում պահպանվում է ներքին գների վրա Հայաստանի տնտեսության զարգացումներից ակնկալվող գնաճային ազդեցությունը՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի առավել արագ տեմպերով: Ակնկալվում է, որ այն որոշ չափով կչեզոքացվի հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ։ «Վերջին ամիսների գնաճի զարգացումները վկայում են այն մասին, որ դրանք հիմնականում ընթանում են Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարով։ Այդ պարագայում սպասվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կձևավորվի իր նպատակային ցուցանիշի շրջակայքում՝ պահպանվելով ±1,5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում»,– գտնում են ԿԲ-ում:

Միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդը որոշել է շարունակել ԿԲ-ի կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը նվազեցնելու գործընթացը՝ 5-տոկոսային կետից այն վերանայելով 4-տոկոսային կետի: Նշենք նաև, որ ԿԲ-ում 0,5-տոկոսային կետով բարձրացրել են ներգրավվող ավանդների տոկոսադրույքը՝ մինչև 6%՝ նույն չափով իջեցնելով լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ մինչև 10%։

Մեկնաբանել