Չինական Lenovo-ն գնել է բրազիլական CCE-ն

Համակարգիչներ արտադրող չինական Lenovo ընկերությունը ձեռք է բերել համակարգիչների բրազիլական արտադրող CCE-ն, հաղորդում է Reuters-ը:

Ակնկալվում է, որ CCE-ի գնումը կօգնի Lenovo-ին զգալիորեն ընդլայնելու ներկայությունը անհատական համակարգիչների և սմարթֆոնների՝ մեծությամբ երրորդ շուկայում:

«Այս գործարքը թույլ կտա համադրել անհատական համակարգիչների և սմարթֆոնների բրազիլական շուկայի հասկացությունը նորարարական տեխնոլոգիաներն և Lenovo-ի զարգացման պոտենցիալի հետ»,- ասված է ընկերությունների համատեղ հայտարարությունում:

Գործարքի ընդհանուր գումարը կազմել է $147 մլն: Ակնկալվում է, որ գործարքն ամբողջությամբ կփակվի 2013թ. 1-ին եռամսյակում, և միաձուլման գործընթացը չի ազդի երկու ընկերությունների բնականոն գործունեության վրա:

Նշենք, որ Lenovo Group-ի բաժնետոմսերը ցուցակված են Հոնգ Կոնգում: 2005թ. Lenovo-ն ձեռք է բերել International Business Machines-ի (IBM) անհատական համակարգիչների արտադրության բիզնեսը: Ընկերության կապիտալիզացիան $21 մլրդ է: 2011-2012 ֆինանսական տարում (ավարտվել է 2012թ. մարտի 31-ին) զուտ շահույթն աճել է ավելի քան 73%-ով՝ կազմելով $473 մլն: