Հայաստանի համար գազի գինը չի փոխվել. Արմեն Մովսիսյան

Հայաստանի համար ռուսական գազի գինը չի փոխվել, և այն ձեռք է բերվում $180/1000 խմ գնով: Այսօր լրագրողներին նման հայտարարություն արեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը չմեկնաբանեց Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, համաձայն որոնց՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան մատարակարարվող 1000 խմ ռուսական բնական գազի մաքսային արժեքը կազմել է $219:

ՍիվիլՆեթի աղբյուրների պնդմամբ` այս տարվա երկրորդ կիսամյակում Հայաստանը 1000 խմ ռուսական գազն արդեն ձեռք է բերում $240-ով։ Ըստ աղբյուրների՝ հայկական կողմը «Գազպրոմին» խնդրել է չբարձրաձայնել գազի գնի բարձրացման մասին՝ հաշվի առնելով գալիք տարի Հայաստանում նախագահական ընտրությունների հանգամանքը։ Ըստ աղբյուրի՝ կառավարությունը պատրաստվում է անփոփոխ թողել գազի սակագինը վերջնական սպառողի համար՝ ձեռքբերման գնի ու սակագնի միջև տարբերությունը ֆինանսավորելով սեփական միջոցներով, մասնավորապես, ռուսական «Գազպրոմին» փոխանցելով «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժնի մի մասը: