Pussy Riot-ի փանք-աղոթքը «սրբապղծություն է». Միրեյ Մաթյե

Ֆրանսիացի հայտնի երգչուհի Միրեյ Մաթյեն հանդես է եկել ռուսական Pussy Riot փանք-խմբի վերաբերյալ մեկնաբանությամբ: Մոսկովյան «ТВ-Центр» հեռուստաալիքի հետ զրույցում նա «սրբապղծություն» է որակել ֆեմինիստուհիների փանք-աղոթքը Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում, որի համար խմբի երեք անդամները դատապարտվել են երկուական տարի ազատազրկման: Երգչուհին, մասնավորապես, ասել է, որ «եկեղեցին աղոթքի, ոչ թե ակցիաներ անցկացնելու վայր է»:

Վերջերս ֆրանսիացի երիտասարդ երգչուհի Ժաննա Շերալը Pussy Riot-ի դատապարտված մասնակիցներին էր նվիրել Tant qu’il y aura des Pussy («Քանի դեռ Երկրի վրա կա Pussy-ն») երգը: Ի պաշտպանություն փանք-խմբի աղջիկների՝ բաց նամակ են գրել ֆրանսիացի փիլիսոփա Բեռնար-Անրի Լևին և գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը: Դատապարտյալների օգտին հանդես են եկել հայտնի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Բյորքը, Սթինգը, Մադոննան, Փոլ Մակ-Քարթնին և Յոկո Օնոն: 

Նադեժդա Տոլոկոննիկովայի, Մարիա Ալյոխինայի և Եկատերինա Սամուցևիչի հանդեպ կայացրած դատավճիռը «չափազանց» է անվանել Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Ի աջակցություն Pussy Riot-ի՝ հայտարարություններով հանդես են եկել Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետին և կանանց իրավունքների նախարար Նաժատ Վալո-Բելկասեմը: