Բիլ Քլինթոնը Օբամային ԱՄՆ-ի նախագահի թեկնածու է առաջադրել

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության՝ Հյուսիսային Կառոլինայի Շառլոտ քաղաքում տեղի ունեցող համագումարում պաշտոնապես առաջադրել է գործող նախագահ Բարաք Օբամայի թեկնածությունը նախագահության երկրորդ ժամկետի համար։ Նրա ելույթը տևել է 50 րոպե։ Այնուհետ համագումարի մասնակիցները քվեարկություն են անցկացրել։ Օբամային աջակցել են բոլոր նահանգների պատվիրակները, և նա պաշտոնապես առաջադրվել է երկրի նախագահի թեկնածու դեմոկրատների կողմից։

Ինչպես հաղորդում է AP-ն, Քլինթոնը հայտարարել է, որ Օբամայի տնտեսական քաղաքականությունը կանխել է ճգնաժամի հետագա խորացումը 2008-ից հետո և նպաստում է տնտեսության վերականգնմանը։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը շարունակում է աշխատել, թեև ամերիկացիների մեծ մասը առայժմ դա չի զգում․ «Ոչ մի նախագահ՝ ո՛չ ես, ո՛չ իմ նախորդներից որևէ մեկը չէր կարող չորս տարվա ընթացքում վերականգնել կրած ամբողջ վնասը,- պարզաբանել է Քլինթոնը։ – Սակայն իրադրությունը բարելավվում է, ու եթե դուք նախագահին տաք երկրորդ շանս, դուք դա կզգաք»։

Քլինթոնը աջակցություն է հայտնել Օբամայի սկսած առողջապահության բարեփոխմանը, տնտեսության վերականգնման և վերաներդրումների մասին օրենքին, ավտոարտադրող ընկերությունների վերակառուցմանը։ Նա գովաբանել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարին որպես փոխնախագահ Ջո Բայդենին ընտրելու համար, ինչպես նաև ընդգծել է Օբամայի՝ քաղաքական ընդդիմախոսների՝ հանրապետականների հետ համագործակցելու ձգտումը։

Քլինթոնը հանրապետականներին քննադատել է երկիրը Օբամային դժվար իրադրությունում հանձնելու համար։ «Եթե դուք ցանկանում եք կառուցել «ամեն մեկն իր համար, հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքի վրա հիմնված հասարակություն, աջակցե՛ք հանրապետականների թեկնածուին,- հայտարարել է նա։ – Եթե դուք ցանկանում եք հավասար հնարավորությունների ու կոլեկտիվ պատասխանատվության հասարակություն՝ հիմնված «մենք պայքարում ենք բոլորս միասին» սկզբունքի վրա, քվեարկե՛ք Բարաք Օբամայի և Ջո Բայդենի օգտին»։

Ելույթի վերջում Քլինթոնը հիշեցրել է, որ Օբաման առողջ դատողություն է ունեցել Միշելի հետ ամուսնանալու համար և ասել է, որ ցանկանում է նախագահի թեկնածու առաջադրել մի մարդու, «որը ներսից «այրվում է» Ամերկայի համար՝ չնայած արտաքին հանգստությանը»։

Օբաման շնորհակալություն է հայտնել Քլինթոնին և ասել է, որ այս համագումարում միավորվեցին քաղաքական երկու դարաշրջաններ։

Այժմ Օբաման պետք է տա ընտրություններին մասնակցելու իր պաշտոնական համաձայնությունը։ Ակնկալվում է՝ համապատասխան հայտարարությունը կարվի հինգշաբթի երեկոյան (Երևանի ժամանակով՝ ուրբաթ առավոտյան)։

Օբամայի գլխավոր հակառակորդը ընտրություններում Հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնին է։

Նշենք, որ համաձայն վաշինգտոնյան Hill պարբերականի՝ սեպտեմբերի 2-ին իրականացրած հարցման՝ ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ Օբաման արժանի չէ նախագահի պաշտոնում վերընտրվելուն, և նրա կառավարման ընթացքում իրադրությունը երկրում վատթարացել է։

«Հարցվածների մոտ 52%-ը հայտարարել է, որ երկիրը ներկայում ավելի վատ իրադրությունում է, քան 2008թ․ սեպտեմբերին։ Հարցվածների մոտ 54%-ը հայտարարել է, որ Օբաման արժանի չէ վերընտրման»,- գրել էր պարբերականը։

Վերջին շաբաթներին Օբաման կորցնում է ժողովրդականությունը, և այժմ նրա վարկանիշը, որը նախկինում 10%-ով գերազանցում էր Միթ Ռոմնիի նկատմամբ վստահության մակարդակը, փաստացի հավասարվել է մրցակցի վարկանիշին։ Անցյալ շաբաթ որոշ հարցումներ անգամ արձանագրել էին Ռոմնիի ժողովրդականության աճ։ Այսպես, Reuters գործակալության իրականացրած հարցման արդյունքներով՝ հանրապետականների թեկնածուին հավանություն է տալիս ընտրողների 44%-ը այն դեպքում, երբ Օբամային՝ 42%-ը։

Hill-ը նշել էր, որ նախագահի պաշտոնում Օբամայի աշխատանքից գոհ է հարցվածների 40%-ը․ նրանք կարծում են, որ ԱՄՆ գործող նախագահը արժանի է վերընտրման։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին։

Մեկնաբանել