ԱՄՆ դատարանը կոշիկի կարմիր տակացուն ճանաչել է Louboutin-ի բացառիկ իրավունք

Նյու Յորքի շրջանային դատարանը կոշիկների կարմիր տակացուն ճանաչել է Christian Louboutin ֆրանսիական ընկերության բացառիկ իրավունք: Դատավորների որոշմամբ՝ կարմիր տակացուն այնքան վառ տարբերանշան է, որ արժանի՛ է պաշտպանվել որպես ապրանքանիշ: Reuters-ի հաղորդմամբ՝ Louboutin-ն այս իրավունքի համար պայքարում էր Yves Saint Laurent (YSL) նորաձևության տան դեմ:

Ըստ դատավճռի՝ YSL-ը կարող է կարմիր տակացուով կոշիկ վաճառել միայն այն դեպքում, եթե բուն կոշիկը կարմիր է:

2011թ. Louboutin ընկերությունը Մանհեթենի շրջանային դատարան հայց էր ներկայացրել այն բանից հետո, երբ YSL-ը հայտարարել էր, թե մտադիր է միագույն կոշիկների նոր մոդելային շարք թողարկել: Քրիսթիան Լուբուտենը պահանջում էր արգելել կարմիր տակացուով YSL կոշիկների վաճառքը, մինչդեռ Yves Saint Laurent-ի ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց մրցակիցն այս իրավունքն ապօրինի ճանապարհով է ստացել:

Լուբուտենն իր առաջին բուտիկը բացել է Փարիզում 1991թ., իսկ կարմիր տակացուով կոշիկ սկսել է արտադրել 1992-ից: Այժմ Louboutin ապրանքանիշի մեկ զույգի գինը կարող է գերազանցել $1000-ը:

Մեկնաբանել