Lufthansa-ն չեղյալ է հայտարարել վաղվա 1,2 հազար չվերթ

Գերմանական խոշոր ավիափոխադրող Lufthansa-ի աշխատակիցները վաղը 24-ժամյա գործադուլ կանեն, որի պատճառով ընկերությունն իր 1,8 հազ-ից չվերթից 1,2 հազ-ը չեղյալ է հայտարարել, հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:

Lufthansa-ն իր ուղևորներին կոչ է անում նախապես ստուգել իրենց չվերթների մասին տեղեկությունները՝ անախորժություններից խուսափելու համար:

Զանգվածային գործադուլների միջոցով ընկերության բորտուղեկցորդները նպատակ ունեն հասնել աշխատավարձերի 5%-ով բարձրացմանը, ժամանակավոր աշխատակիցներ վարձելու արգելքին և արտաժամյա աշխատանքային օրվա չեղյալ հայտարարմանը: Հատկանշական է, որ ընկերության ներկայացուցիչները համաձայնել են աշխատավարձերը բարձրացնել 3,5%-ով, սակայն չեն շտապում կրճատել աշխատանքային օրվա տևողությունը:

Նշենք, որ Ufo բորտուղեկցորդների արհմիությունն իր առաջին գործադուլը կազմակերպել է օգոստոսի 31-ին: Բորտուղեկցորդներն այդ ժամանակ ութ ժամ գործադուլ են արել Ֆրանկֆուրտի օդանավակայանում: Օգոստոսի 4-ին արդեն բողոքի ակցիաներ են կազմակերպվել երեք օդանավակայաններում՝ Ֆրանկֆուրտում, Բեռլինում և Մյունխենում, որի պաճառով հետաձգվել էր Lufthansa-ի ավելի քան 230 չվերթ: Օգոստոսի 5-ին նախորդ օրվա խափանումներով պայմանավորված՝ հետաձգվել էր ևս 21 չվերթ: Հաշվարկվել է, որ օգոստոսի 31-ի գործադուլն ավիաընկերությանը մի քանի միլիոն եվրո է արժեցել: Չեղյալ է հայտարարվել 200 չվերթ, ավելի քան 25 հազ. ուղևոր հարկադրված է եղել մնալ օդանավակայաններում:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Lufthansa-ն փակեց իր բրիտանական BMI ստորաբաժանումը IAG միջազգային ավիացիոն խմբին վաճառելու գործարքը, որն արժեցավ 172,5 մլն ֆունտ ստեռլինգ։ Lufthansa-ն այդպիսով կարողացավ ազատվել իր վնասաբեր դուստր ընկերությունից։ Իսկ ապրիլի վերջին հայտարարեց բյուջետային նոր ավիափոխադրողի ստեղծման մասին՝ Direct 4 You։ Նախատեսվում էր, որ ընկերությունն իր աշխատանքները կսկսի 2013թ., իսկ եվրոպական թռիչքների արժեքը ավիափոխադրողի հաճախորդների համար կարժենա €49։