Հայաստանը գնահատելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

ՆԱՏՕ-ն հանձնառու է և շարունակելու է հանձնառու լինել Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդման գործին, այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, որ տարածաշրջանային այցով Հայաստանում է:  

«Մենք բարձր ենք գնահատում այն հարաբերությունները, որոնք մենք զարգացրել ենք Հայաստանի հետ տարիների ընթացքում: Մենք բարձր ենք գնահատում ենք Ձեր մշտական աջակցությունն Աֆղանստանի առաքելությանը: Ձեր զորքերը շատ լուրջ և կարևոր ներդրում են կատարում, և նրանց պրոֆեսիոնալիզմը գնահատելի է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` հավելելով, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել իր աջակցությունը:

«Հայաստանը գնահատելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և ՆԱՏՕ-ն` Հայաստանի համար: Ներկայում հնարավորւթյուն կա կառուցելու ավելի զորեղ գործընկերություն, որից կշահի ամբողջ տարածաշրջանը»,- ընդգծել է Ռասմուսենը: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Ադրբեջանում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն իր մտահոգությունն է հայտնելու Սաֆարովին ներում շնորհելու փաստի կապակցությամբ:

«Ադրբեջանում հանդիպմանը ես Ադրբեջանի նախագահին փոխանցելու եմ իմ ուղերձը, որ շատ պարզ և ակնհայտ է. ես իսկապես մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստով: 8 տարի առաջ տեղի ունեցածը հանցագործություն էր, և այն չպետք է փառաբանվի: Այս ուղերձը ես վաղը կփոխանցեմ Ադրբեջանի նախագահին»,- ասել է Ռասմուսենը: