Նյու Յորքում մեկնարկում է Բարձր նորաձևության շաբաթը

Աշխարհի առաջատար դիզայներների ուշադրության կենտրոնում այսօր լինելու են ԱՄՆ խոշորագույն քաղաքի պոդիումները, որտեղ մեկնարկում է «Մերսեդես Բենց» Բարձր նորաձևության շաբաթը:

Ավելի քան 80 դիզայներ և նորաձևության տուն առաջիկա ութ օրվա ընթացքում կորոշեն 2013-ի գարնանային սեզոնի գլխավոր միտումները:

Նյույորքյան շաբաթվա հավակնոտ հանդիսատեսի և մամուլի ներկայացուցիչների դատին իրենց աշխատանքները կներկայացնեն աշխարհահռչակ այնպիսի մոդելավորողներ, ինչպիսիք են Ռալֆ Լորենը, Քելվին Քլյայնը, Մայքլ Քորսը, Դոննա Կարանը, Կարոլինա Էրերան, Վերա Վոնգը, Նիքոլ Միլերը, Մաքս Ազրիան:

Նորաձևության շաբաթվա ընթացքում առաջին անգամ հանդես կգա հոլիվուդյան դերասանուհի Քեթի Հոլմսը: Թոմ Կրուզի նախկին կինն իր ոճաբան Ջին Յանգի հետ համատեղ նորաձև հագուստի գիծ է թողարկում դեռևս 2008թ.:

Փորձագետներից շատերը կանխատեսում են, որ առաջիկա սեզոնին չափազանց նորաձև է լինելու սև գույնը՝ համադրված լրացուցիչ մեկ այլ գույնով, ասենք՝ կարմիրով: Գրեթե բոլոր դիզայներների մոդելները հանդես կգան սև զգեստներով, սև տաբատներով կամ սև բաճկոններով: Բացի այդ՝ 2013թ. գարնանը հետին պլան կմղվի նախորդ սեզոններին բնորոշ ունիվերսալիզմն ու մինիմալիզմը:

Ցուցադրությունների առաջին օրը կեզրափակվի ավանդական «Նյու Յորքի նորաձևության գիշեր»-ով, որի գաղափարը 2008-ին առաջարկել էր ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը: Տասնյակ բուտիկներ բաց կլինեն մինչև ուշ գիշեր և իրենց հաճախորդների համար կկազմակերպեն երեկույթներ՝ նրանց ուրախացնելով բազմաթիվ նվերներով ու զեղչերով:

Բարձր նորաձևության շաբաթը Նյու Յորքում կանցկացվի սեպտեմբերի 6-13-ը: