Սաֆարովի գործը չպետք է ստվեր գցի մեր և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա. Սերժ Սարգսյան

Հայաստանը պատրաստակամ է ու վճռական` ՆԱՏՕ-ի հետ պահպանելու և զարգացնելու համագործակցության այսօրվա մակարդակը, հայտարարել է այսօր նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Անվտանգության ներկայիս մարտահրավերները համապարփակ և միասնական մոտեցում են պահանջում Դաշինքի և գործընկեր պետությունների կողմից: Վստահ եմ, որ գործընկեր պետությունների հետ հարաբերությունները շոշափելի դերակատարություն ունեն Դաշինքի հաջողություններում և անվտանգության արդի համակարգի կառուցման գործում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակային փաստաթուղթն արձանագրում է, որ «հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումը, ազատության և արդարության ապահովումը, և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար», և որ այդ ծրագիրն իրոք զգալի ներդրում է ունեցել Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործում 1994թ. ի վեր:

«Բայց, ցավոք սրտի, մենք ականատես եղանք «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում վերոհիշյալ սկզբունքների կոպիտ ոտնահարմանը, ինչը, իհարկե, ստվեր չպետք է գցի մեր և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա»,- ընդգծեց նախագահը:

Սերժ Սարգսյանն անընդունելի է համարել Հունգարիայի կառավարության քայլը՝ նշելով, որ Հունգարիայի կառավարությունն ուղղակի չէր կարող տեղյակ չլինել, թե ինչպես էր Ադրբեջանում հերոսացվում Սաֆարով մարդասպանը և չէր կարող չկանխատեսել, որ նա ազատ է արձակվելու, առավել ևս, որ այդ մասին խոսվել էր բազմիցս և Հունգարիայի ղեկավարները հաստատել էին այդ կասկածները:

Նախագահը միաժամանակ հիշեցրել է, որ իրականացման փուլում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի թվով երրորդ՝ 2011-2013թթ փաստաթուղթը. «Դաշինքի հետ Հայաստանի փոխգործակցության մակարդակը թույլ տվեց Հայաստանին իր ներդրումը բերել միջազգային անվտանգության համակարգին: Ներկայումս Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում»: