«Իմ կուսակցությունը խելագարվե՛լ է». Դևիդ Քեմերոն

Բրիտանացի երեք նախարարներ սկսել են լաց լինել կառավարության ղեկավար Դևիդ Քեմերոնի գրասենյակում՝ տեղեկանալով, որ ազատվել են աշխատանքից: Այս մասին գրել է բրիտանական The Sun թերթը:

Դևիդ Քեմերոնի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Ուելսի գծով նախարար Շերիլ Գիլանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2010-ի մայիսից: Աշխատանքից ազատվել է նաև շրջակա միջավայրի հարցերով նախարար Քերոլին Սփիլմանը: Կառավարությունից հեռանալը հուզել է ևս մեկ պաշտոնյա, որի անունը հրատարակության աղբյուրը չի նշում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին զարմացրել է իր ենթակաների զգացմունքայնությունը: «Իմ կուսակցությունը խելագարվե՛լ է», – վարչապետի արձագանքն է մեջբերում թերթը:

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զգացմունքայնությունը միշտ էլ բնորոշ է եղել երկրի կառավարության անդամներին: Այսպես՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Էնդրյու Լեսլին չի թաքցրել իր զայրույթն այն բանից հետո, երբ իմացել է կառավարությունից հեռանալու մասին, իսկ ոստիկանության նախարար Նիք Հերբերթը, իմանալով պաշտոնի բարձրացման մասին, սկսել է պարել:

Հատկանշական է, որ կազմավորումից ի վեր բրիտանական կառավարության կազմի վերջին փոփոխություններն ամենախոշորն են: Ակնկալվում է, որ այժմ Դևիդ Քեմերոնն իր գլխավորած պահպանողական կուսակցության կազմում կգրավի «երիտասարդ և եռանդուն» գործիչների: