Արտամետի միջնակարգ դպրոցը կկրի Գուրգեն Մարգարյանի անունը

Կառավարության՝ այսօր կայացած հերթական նիստում, որ վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Արտամետ գյուղի հիմնական դպրոցը Գուրգեն Մարգարյանի անվամբ կոչելու կապակցությամբ համապատասխան փոփոխություն է արվել նախկին որոշումներից մեկում, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը Արմավիրի մարզպետին հանձնարարել փոփոխություն կատարել նաև «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը։

Իր ընդունած երկու որոշումներից առաջինով կառավարությունը մոտ 92 մլն դրամ է հատկացրել Երևանի Ա.Մարգարյանի անվան N29 ավագ դպրոցի հիմնանորոգումն ավարտելու նպատակին, երկրորդով Գեղարքունիքի մարզի Սոթքի միջնակարգ դպրոցի մասնաշենքերից մեկը նվիրաբերել գյուղական համայնքին` որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով։

Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ և լրացումներ՝ գործադիրը ձեռնամուխ է լինում բարձրագույն կրթության բարեփոխման հիմնական ուղղություններից մեկը հանդիսացող ֆինանսավորման համակարգի բարեփոխմանը և ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավմանը։ Որոշումը միտված է նաև բարձրագույն կրթության մատչելիությանը` ուսանողների աջակցության և ընտանիքների ապահովության գնահատման համակարգի միջոցով։

Մեկնաբանել