Հայկական «Փոքրիկ իշխանը» կներկայացվի Ռումինիայում

Ռումինիայի մայրաքաղաքում Բուխարեստում նոյեմբերի 10-13-ը անցկացվելիք «Արվեստների փառատոն»-ին Հայաստանը կմասնակցի ռեժիսոր Լարիսա Մանգասարովայի «Փոքրիկ իշխանը» բեմադրությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշել է, որ փառատոնի կազմակերպիչ կողմն է հավանել և ընտրել թատրոնի խաղացանկում ընդգրկված այս ներկայացումը:

Երեք օրվա ընթացքում ժյուրին 20-25 ներկայացում կդիտի: «Կարծում եմ, եվրոպացի հանդիսատեսին կգրավի հանրահայտ դասական ստեղծագործության հայկական մեկնաբանությունը, յուրաքանչյուր մարդ գիտի իր Փոքրիկ իշխանին, այս բեմադրության մեջ ամեն ինչ հայկական մոտեցմամբ է` թե´ երաժշտական լուծումները, թե´ նկարչական բեմադրությունը, թե´ դերասանները»,- ասել է թատրոնի  գեղարվեստական ղեկավարը: