Շուշիի մանկապատանեկան երգչախումբն իր հոբելյանը կնշի նաև Երևանում

Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախումբն իր հիմնադրման 20-ամյակը Երևանում կնշի Հրաչ Թոգալթյանի «Երգող ամառներ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերայով, որը տեղի կունենա այսօր` սեպտեմբերի 6-ին, Համազգային թատրոնում:

Այս կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում այսօր երգչախմբի հիմնադիր Զաքար Քեշիշյանը նշել է, որ ֆիլմն ամփոփել է երգչախմբի գործունեության անցած 20 տարիները: «Երգող ամառներ» ֆիլմի պրեմիերան սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի դահլիճում, իսկ սեպտեմբերի 4-ին` Ստեփանակերտի մշակույթի կենտրոնում: «Երգող ամառները»-ը «Վարանդա»-ի մասին նկարահանված երրորդ ֆիլմն է:

Շուշիի «Վարանդա» երգչախումը 1992թ. հիմնադրել է սիրիահայ Զաքար Քեշիշյանը քաղաքի «Արամ Մանուկյան» վարժարանում: Այն ավելի քանի 200 համերգով հանդես է եկել Արցախի տարբեր շրջաններում, զորամասերում, դպրոցներում, ինչպես նաև Հայաստանում և Լիբանանում: 20 տարվա ընթացքում կատարել է ավելի քան 300 դասական և ժամանակակից ստեղծագործություններ, որոնցից 82-ը գրված են եղել նրա համար: Երգչախմբում մոտ 500 երեխա է երգել:

Մեկնաբանել