Երեկ Հալեպում 115 մարդ է զոհվել

Երեկ Հալեպում ռմբակոծումների և բախումների հետևանքով զոհվել է 115 մարդ, հաղորդում է սիրիական Aksalser կայքը:

Aksalser-ի հաղորդմամբ՝ Հալեպի Ալ Աքրամիա թաղամասում 45 մարդ առանց դատավարության մահապատժի է ենթարկվել կառավարական ուժերի կողմից, 20 հոգի զոհվել են Բոստան ալ Փաշա թաղամասում ռմբակոծությունների հետևանքով, ևս 10 մարդ՝ Բաբ ալ Նայրաբ թաղամասում: Ալ Սուկկարի թաղամասում ռմբակոծվել է մի երթուղային տաքսի: Զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 15-ը:

Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խումբը հաղորդում է, որ Ալ Իզաա, Սալահեդդին, Ալ Արքուբ, Ալ Քալլասե թաղամասերում, ինչպես նաև Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ գտնվող այլ թաղամասերում ռմբակոծությունների հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ մարդիկ: Ռմբակոծվել են նաև Հալեպի մոտակա մի շարք գյուղեր, որոնք արդեն ամիսներ ի վեր դուրս են եկել կառավարության վերահսկողությունից:

Մյուս կողմից՝ սիրիական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ կառավարական ուժերը գործողություններ են իրականացնում ահաբեկիչների դեմ Հալեպի մի շարք թաղամասերում և առաջընթաց են արձանագրում: Նրանք արդեն ոչնչացրել են ընդդիմադիրների ռազմական մեքենաները և հաջողությամբ դիմակայել Ալ Միդան (հայերեն՝ Նոր Գյուղ) թաղամասի ոստիկանատան դեմ իրականացված ահաբեկչական հարձակմանը:

Նշենք, որ արդեն ավելի քան մեկ ու կես ամիս է, ինչը կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալների միջև բախումները տեղափոխվել են Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպ, որտեղ կենտրոնացած է նաև սիրիահայ համայնքի մեծ մասը: Հայկական թաղամասերում լայնամասշտաբ բռնություններ դեռ չեն արձանագրվել: